Հայտնի են մինչ թոշակի անցնելը հարստանալու հնարավորություն ունեցող մասնագետները
Փորձագետները նշել են մասնագետներին, ովքեր, մինչ թոշակի անցնելը, հարստանալու հնարավորություն ունեն: Նրանց շարքում տեղ են գտել SAP-ի խորհրդատուն, Big data-ի վերլուծաբանը և BIM մենեջերը: Այս մասին գրել է «РБК»-ն՝ հղում անելով Առաջադեմ կրթության ինստիտուտի հետազոտությանը:
Կարևորագույն հմտությունը, որը բարձրացնում է աշխատանքի վարձատրության չափը, ներկայումս մշտապես սովորելու և կոմպետենտությունը բարձրացնելու կարողությունն է: Ըստ Ինստիտուտի տնօրեն Աննա Մարքսի՝ միայն սեփական ոլորտում նոր տեխնոլոգիաներ յուրացնելով է հնարավոր բարձրանալ մասնագիտական աստիճաններով և մեծացնել եկամուտը:
Ամենաանսովոր և եկամտաբեր մասնագիտությունների շարքում փորձագետները նշել են կիբերսպորտը և սթրիմինգը: Տվյալների համաձայն՝ կիբերմարզիկը և սթրիմերը տարեկան շուրջ 894.000 ռուբլի են վաստակում: Մասնագիտությունների շարքում տեղ են գտել նաև աշխղեկը (прораб) տարեկան 828.000-ից մինչև 3 մլն ռուբլի աշխատավարձով, կոսմետոլոգը (817.000-ից մինչև 4,4 մլն ռուբլի), բլոգերի պրոդյուսերը (942.000-ից մինչև 3 մլն ռուբլի), դայակը (1,1-3,6 մլն ռուբլի), ինչպես նաև նավապետը (618.000-ից մինչև 2,7 մլն ռուբլի):
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը