Հայաստանում ինչ-որ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով. Վազգեն Մանուկյան
Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանել է, հանցագործը պիտի նստի բանտում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Չի կարելի այդպիսի մարդուն թողնել իշխանության։ Փողոցից ցանկացած մեկին դրեք այնտեղ՝ Հայաստանի համար 10 անգամ ավելի լավ կլինի։ Եթե մենք ուզում ենք գնալ քաղաքակիրթ ճանապարհով, այսինքն՝ չքանդենք պետությունը, ապա այստեղ ժողովուրդը պետք է մասնակցի։ Եթե այստեղ 100 հազար մարդ լիներ, հարցը վերջացած կլիներ։ Կան չէ՞ 100 հազար մարդիկ, որ դժգոհ են, հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են»,- նշեց նա։
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ ժողովուրդը դեպրեսիայի մեջ է. «2,5 տարի առաջ ոստքի բարձրացավ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է դուրս գալ։ Բայց ժողովուրդն այդ վիճակից դուրս կգա։ Հայաստանում ինչ-որ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների միջոցով, այլ ժողովրդի միջոցով»։
Լրագրողի դիտարկմանը, որ Փաշինյանը չի ցանկանում հրաժարական տալ, քանի որ կա ժողովրդի մի հատված, որը չի ուզում ինքը հեռանա, Վազգեն Մանուկյանն արձագանքեց.
«Աշխարհի ցանկացած երկրում, ցանկացած ժամանակ միշտ էլ մի հատված կա, որ իշխանության կողմն է լինում։ Ինքը երկիրը կործանել է, հանցագործը պիտի նստի բանտում։ Ինչքան շուտ անեինք, հիմա Սյունիքն ավելի շատ պահպանած կլինեինք, եթե շուտ վերջացնեինք այդ գործը։ Հիմա կուշացնենք, էլի բան կկորցնենք։ Հիմա էլ պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ, որ պետք է ֆիքսեն այդ սահմանները, հետո մենք մեծ պրոբլեմ ենք ունենալու այդ սահմանները հետ վերադարձնելու համար»։
Նա շեշտեց, որ մենք ամեն օր մի բան կորցնում ենք. պատերազմը շարունակվում է. «Ակտիվ շրջանը վերջացավ, հիմա էլ սողացող օկուպացիան։ Մենք արդեն կորցրինք հսկայական տարածքներ, կորցրինք հազարավոր երիտասարդներ, կորցրինք պատիվն ամբողջ աշխարհում, կորցրինք ինքնավստահությունը, շարունակում ենք կորցնել ու կորցնելու ենք ավելի շատ։ Անցյալը եթե նույնիսկ մոռանաս, ապագայի մասին մտածելով պետք է արագորեն այդ հարցը լուծել, իսկ այդ հարցը լուծում է ժողովուրդը։ Ցանկացած իշխանության ժամանակ կան գող ու ավազակներ, կան ազգին նվիրված մարդիկ, հերոսներ եւ այլն. բաժանեց հին ու նորի, հետո բաժանեց կոռուպցիոներ եւ ոչ կոռուպցիոներ, զինվորականներին սկսեց դատել դրա համար, հիմա էլ ասում է՝ էլիտա եւ ժողովուրդ։ Նա անընդհատ բաժանում է եւ զարմանալի է, որ կա ժողովրդի մի հատված, որը դա հալած յուղի տեղ ընդունում է մի հատ սուտասան, տգետի»։