Արցախի նախագահի խոսնակը` Իրան-Հայաստան-Բերձոր գազատարի պայթեցման լուրերի մասին
Սոցկայքում տարածված տեղեկությունների համաձայն ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան-Բերձոր գազատարը։ Անգամ տեսանյութ է տարածվել այդ մասին:
Տեղեկությունների տարածումից հետո ՀՀ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հանդես եկավ հերքմամբ՝ նշելով, որ տեղեկությունը, թե երեկ Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը, չի համապատախանում իրականությանը։
«Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան:
Լրատվամիջոցներին հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ և ավելորդ խուճապ չառաջացնել հանրության շրջանում»,-պնդում են նախարարությունից:
Analitik.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարեց, որ Հայաստան-Իրան գազատարն Արցախի տարածքով չի անցնում, բնականաբար Բերձորի անունը շահարկել պետք չէ: Հայաստան-Իրան գազատարն անցնում է Սյունիքով ու չի կարող որևէ ձևով պայթեցվել ադրբեջանցիների կողմից: Բերձորով անցնում է Հայաստանից Արցախին մատակարարող գազատարը, որը չի պայթեցվել: