Հայաստանում հայտարարված համապետական գործադուլին նոր մասնակիցներ են միանում
Հայաստանում հայտարարված համապետական գործադուլին և անհնազանդության ակցիաներին ժամ առ ժամ նոր մասնակիցներ են միանում։ Գործադուլավորների շարքերը համալրել և համալրում են տասնյակ կազմակերպություններ, ընկերություններ և կառույցներ, մշակութային, գիտակրթական միություններ։
Վերջին մի քանի ժամում համազգային գործադուլին են միացել մոտ երկու տասնյակ ընկերություններ՝ «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ»-ը, «Ռեստորանների Ասոցիացիա»-ն, «E.V. Partners» իրավաբանական ընկերությունը, «Բելիս» ապրանքանիշի ներկայացուցիչ «Բելիս Արմենիա»-ն, «Կալիստա Վոյաժ» զբոսաշրջային ընկերությունը, «Բոհեմիան Ռեզորտ» ՍՊԸ-ն, «4+1» ՍՊԸ-ն, «Էդիտ Պրինտ» ՍՊԸ-ն, «Ֆեստա Ավիա» ՍՊԸ-ն, «Հոթ Տուրս» ՍՊԸ-ն, «Ակսիոմ Մեդ» կլինիկան, «Volten Arma» գրուպը, «Saak korp» ՍՊԸ-ն, «Arminvest» գրուպը, «Deck» ՍՊԸ-ն, «Favorite» ՍՊԸ-ն, «Rogue» ՍՊԸ-ն, «Hotel Flouer»-ը, «AG home» ՍՊԸ-ն և այլն։
Պետության ռազմաքաղաքական ու ֆինանսատնտեսական խնդիրները որպես մարտահրավեր դիտարկող տնտեսվարողներն ու կազմակերպությունները համոզված են, որ օր առաջ պետք է կասեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գործունեությունը, ինչի հետևանքով կորցրել ենք Արցախի տարածքի գրեթե 75 տոկոսը, ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ։
Գործադուլին միացած ընկերություններն ահազանգում են նաև, որ Նիկոլ Փաշինյանի սոցիալ-տնտեսական քաղաքականության հետևանքով երկիրը հայտնվել է տնտեսական կոլապսի եզրին։ Բյուջեի ճեղքվածքը, համատարած թանկացումները, դրամի արժեզրկումը, պետական ահռելի պարտքը, ՀՆԱ-ի նվազող ցուցանիշներն ու տասնյակ այլ մարտահրավերներ հարցականի տակ են դրել երկրի ապագան։
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը երեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ից ամբողջ Հայաստանում հայտարարում է գործադուլ և դասադուլ: Ժամը 12:00-ին հազարավոր քաղաքացիներ հավաքվելու են Հանրապետության հրապարակում: