Ամբողջ Սյունիքն է դեմ եղել, որ նա այցելի, չի լսե՞լ, որ Սյունիքը դեմ է. Տեր Պարգև
Սիսիանի եկեղեցու քահանա Տեր Պարգևը, ով այսօր հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմել և նրան դուրս էր հրավիրել եկեղեցուց, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ նրանից, որ եկեղեցի են գնացել Փաշինյանի կողմնակիցները և փորձել են իրեն դուրս հրավիրել եկեղեցուց, քահանան տեղյակ չէ՝ արդյոք խուզարկել են իր տունը:
Նա նշեց, որ հուղարկավորության է մասնակցել, նոր է վերջացել և հիմա գնում է եկեղեցի: «Ինձ հետ ոչինչ չի պատահել, հուղարկավորության էի, հիմա գնում եմ եկեղեցի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է իր կողմից Փաշինյանի ձեռքը չսեղմելուն և դուրս հրավիրելուն, նա ասաց, որ դա անձնական խնդիր է:
Ճշտող հարցին՝ նա դե՞մ է Փաշինյանի Սյունիք այցելելուն, Տեր Պարգևն արձագանքեց. «Ամբողջ Սյունիքն է դեմ եղել, որ նա այցելի, չի լսե՞լ, որ Սյունիքը դեմ է»:
Անդրադառնալով Փաշինյանի այն գրառմանը, թե համոզվել է, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում, այսինքն՝ իրեն լավ կդիմավորեն, Սյունիքի Սբ Գրիգոր եկեղեցու քահանան նշեց, որ չի կարող անդրադառնալ նրա ասածներին և կրկնեց, որ իր արարքն անձնական է եղել:
Հիշեցնենք, որ այսօր Սիսիանի Սբ Գրիգոր եկեղեցում հոգևոր հովիվը հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմել և ձեռքով դուրս էր հրավիրել նրան: