Արա Արամյանի ու կնոջ՝ բնամթերքով ստացված եկամուտները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պատգամավոր Արա Արամյանը նախորդ տարի 38 միլիոն դրամից ավելի եկամուտներ է ունեցել, ընդ որում դրանից 30 միլիոնը նա ստացել է բնամթերքի տեսքով, իսկ 8 միլիոն դրամն էլ պատգամավորի աշխատավարձն է։ Այդ մասին տեղեկանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից։
Արամյանը հայտարարագրել է 45 միլիոն դրամ, 350 հազար ԱՄՆ դոլար և 850 հազար եվրո դրամական միջոցներ։ Վերջինս 2016 թ. նաև նոր շարժական գույք է գնել՝ 10 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «MERCEDES–BENZ S550» մակնիշի ավտոմեքենա։
Արամյանի կնոջ՝ Գայանե Սարգսյանի 2016 թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նույնպես նախորդ տարի բնամթերքով եկամուտներ է ունեցել, այն է՝ 25 միլիոն դրամ։ Պաշտոնյայի կնոջ տարեկան եկամուտները գոյացել են նաև 550 հազար դրամ կենսաթոշակից, իսկ նրա բանկային հաշիվների վրա առկա է 55 միլիոն դրամ, 570 հազար ԱՄՆ դոլար և 590 հազար եվրո։
Մանվել Գրիգորյանի՝ 220 միլիոնը գերազանցող փոխառությունները
ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի փոխառությունները նախորդ տարի կազմել են 221 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Մանվել Գրիգորյանը նախորդ տարվա սկզբին ունեցել է 170 միլիոն դրամ փոխառություններ, սակայն տարվա ընթացքում դրանց ավելացրել է ևս 51 միլիոն դրամ և տարեվերջին ունեցել արդեն 221 միլիոն դրամ փոխառություններ:
Պատգամավորի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 405 միլիոն 762 հազար 500 դրամ, 45 հազար ԱՄՆ դոլար և 45 հազար եվրո: Իսկ տարեկան եկամուտներն էլ կազմել են 117 միլիոն 368 հազար դրամ, որից 108 միլիոն 322 հազար դրամը շահաբաժինն է, 6 միլիոն 851 հազար դրամը պատգամավորի աշխատավարձն է, իսկ 2 միլիոն 195 հազար դրամն էլ նշված է որպես այլ եկամուտ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: