Մեր երկրին սպասվում է երկրորդ կործանիչ հարվածը
Այսօր մեր ազգը մեծ ողբերգություն է ապրում, ցավալի է, որ նոր ենք զգում շատերս, բայց այդ ողբերգության հիմքը դրվեց 2018 թվականի մայիսից, երբ չզգացինք ինչ իրավիճակի մեջ ենք հայտնվելու, երբ իշխանության եկան այն մարդիկ, որոնց ուղեղները թլպատվել է դոլարով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Հայրենիքի փրկության ճակատի» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ մտավորականների հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:
«Ասել, որ ծանր վիճակի մեջ ենք, նշանակում է ոչինչ չասել: Մեզ այսօր մեկ խնդիր պետք է հուզի՝ շուտ դուրս գալ այս վիճակից, եթե այս վիճակից դուրս գալու համար միակամ չեղանք, չի բացառվում երկրորդ կործանիչ հարվածը պետությանը: Մենք դրան չենք դիմանալու: Իսկ քանի Նիկոլ Փաշինյանն իշխանության է, երկրորդ հարվածը չի ուշանալու, որին մենք չենք դիմանա, եւ պետությունը կկորցնենք ազգովի, դրա մասին պետք է մտածենք»,- հայտարարեց նա եւ հավելեց, որ այսօրվա իշխանությունները տառապում են գեբելսյան հոգեբանությամբ:
Նա շեշտեց, թե իշխանություններն ասում են՝ իրենք մեղավոր չեն. հայ ժողովրդի այն հատվածն է մեղավոր, որն իշխանությունը տվեց այդ մարդկանց. «Սա է մեր իսկական դժբախտությունը, եթե չհասկանանք դա, երբեք չենք կարող գլուխ բարձրացնել եւ ուղղել մեր մեջքը»,-ասաց ՄարատԳրիգորյանը:
Նա շեշտեց, որ այսօր Արցախ չկա, այն դարձել է ռուսական ռազմաբազա՝ ռուսական զորքերով, որտեղ ապրում են հայեր: «Երբ դուրս գան ռուսները, Արցախ գոյություն չի ունենա, եկեք մտածենք այդ մասին: Այսօր մեր սահմանները պաշտպանված չեն, զինվորներն ասում են՝ սահմանին վիճակ չկա, ասում են՝ ուղղակի մենք մտածում ենք ինչպես անենք, որ մեզ չգողանան: Այսօր իշխանությունն ունակ չէ այդ հարցերը լուծելու, ընդդիմությունն էլ ունակ չէ»,- ասաց նա:
Ըստ նրա՝ ընդդիմությունը մեկ խնդիր ունի այսօր՝ այս իշխանությանը հեռացնել, հակառակ դեպքում կկորցնենք մեր երկիրը: «Այսօր չեզոք, պասիվ լինելը մեծ հանցագործություն է, սա դավադրություն էր մեր երկրի հանդեպ, որը պատրաստվում էր մեր ժողովրդի դեմ երկար տարիներ, սորոսիզմով, եւ վերջապես գտան մեր երկրում մի փողոցային հավաքածու, բերեցին իշխանության՝ երկիրը հասցրեցին այս վիճակի: Սթափվե՛ք բոլորդ»,- կոչ արեց Մարատ Գրիգորյանը: