Շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները, քանի դեռ ժողովուրդը չի պահանջում իմ հրաժարականը. Նիկոլ Փաշինյան
Անընդհատ լուրեր են շրջանառվում իմ հրաժարականի մասին, մինչդեռ հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին իր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քանի դեռ նման կամարտհայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պրտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ:
Այսօրվա թիվ մեկ խնդիրը Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է եւ մենք հետեւողականորեն գնալու ենք այս ճանապարհով:
Կան որոշ պրոցեսներ, որոնց նպատակը ակնհայտորեն Հայաստանի ժողովրդին, մարդկանց ընդհանուր առմամբ պրոցեսներից դուրս թողնելն է եւ փակ սենյակներում բարձրաշխարհիկ միջավայրերում խնդիրներ լուծելը: Սա, իհարկե, անընդունելի է: ՀՀ ժողովուրդը եղել եւ շարունակելու է մնալ Հայաստանում իշխանության եւ իրադրության տերը: Ես ինձ համարում եմ նաեւ այդ իրողության երաշխավորը: Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր կամքը ՀՀ-ում ունի վճռական եւ անշրջելի նշանակություն: Ժողովրդի կամքը արտահայտվելու հնարավորություն պետք է ստեղծվի եւ ժողովրդի կամքը շրջանցելու բոլոր փորձերը իհարկե, չեն կարող ունենալ որեւէ հաջողություն»,-ասաց նա: