Էրդողանը երբեք չի դադարեցրել զենք ուղարկել Լիբիա. Խալիֆա Խաֆթար
Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարը հայտարարել է, որ իրենք պատերազմում են Թուրքիայի դեմ այն բանից հետո, երբ Էրդողանը նորից «բռնկել է հին հակամարտությունը»: Այս մասին գրել է «The Libya Observer» հրատարակությունը:
ԼԱԲ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Միսմարին դեկտեմբերի 9-ին շեշտել է, որ «ոչ ոք չի հայտարարել իրենց ուժերի և Թուրքիայի միջև պատերազմի ավարտի մասին», իսկ Խալիֆա Խաֆթարի զորքերի և Անկարայի կողմից աջակցվող Ազգային համաձայնության կառավարության կազմավորումների միջև կրակը դադարեցվել է՝ «ի նշան միջազգային հանրության, բարեկամ երկրների ջանքերի և լիբիացիների՝ պատերազմին վերջ դնելու ցանկության հարգանքի»:
Ալ-Միսմարին նշել է, որ Էրդողանը «երբեք չի դադարեցրել զենք ուղարկել Լիբիա»:
Նրա համաձայն՝ թուրքական նավը, որը շաբաթվա սկզբին կանգնեցվել է ԼԱԲ-ի ռազմածովային ուժերի կողմից, գտնվել է «սահմանափակ հասանելության գոտում»: Ալ-Միսմարին ասել է, որ Թուրքիայի արտգործ նախարարության պատասխանն՝ ուղղված Լիբիայի ափերի մերձակայքում Խաֆթարի ներկայացուցիչների օրինական գործողություններին, «անթույլատրելի ամբարտավանություն» է պարունակում:
«Լիբիայում հարձակումը Թուրքիայի շահերի վրա լուրջ հետևանքներ կունենա, և այդ տարրերը (Խաֆթարի ուժերը) կդիտվեն որպես օրինական թիրախներ»,- նշված է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ:
Թուրքական կողմի համաձայն՝ նավը միայն դեղեր և բժշկական սարքավորումներ է տեղափոխել Միսուրատա, երբ ԼԱԲ-ի մարտիկներն այն կանգնեցրել են, իսկ անձնակազմի անդամներին (Թուրքիայի, Հնդկաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ)՝ կալանավորել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը