Բժիշկները խորհուրդ են տալիս ցուրտ եղանակին դիմակ չկրել
Newsarm.live-ը գրում է
Բժիշկները խորհուրդ են տալիս ցուրտ եղանակին փողոցում դիմակ չկրել: Նրանք «РИА Новости»-ին տված հարցազրույցի ընթացքում նշել են, որ պաշտպանական դիմակը փողոցում պետք է կրել միայն այնտեղ, որտեղ մարդկանց մեծ կուտակումներ կան:
Մյուս դեպքերում չարժե դիմակ կրել, քանի որ այն արագ թրջվում և սառչում է:
- Դիմակը տաքացնող տարր չէ: Ուստի, եթե քայլում ես դատարկ փողոցով, հանի՛ր դիմակդ: Կարևոր է հասկանալ, որ երբ մենք շնչում և զրուցում ենք դիմակի այն կողմից, որը դիպչում է դեմքին, խոնավություն է առաջանում, մինչդեռ դիմակների ճիշտ կրման հրահանգավորման սկզբից մենք նշել ենք, որ եթե դիմակը խոնավ է, ապա այն պետք է հանել և դեն նետել,- պարզաբանել է բժիշկ-վարակաբան Ելենա Բելովան:
Բժիշկ-վարակաբան, պրոֆեսոր Նիկոլայ Մալիշևը համաձայնել է գործընկերուհու հետ՝ շեշտելով, որ փողոցում դիմակ կրելու կարիք չկա:
- Մարդիկ աշխատում են սոցիալական հեռավորություն պահպանել: Ցրտին դիմակն արագ կթրջվի. դա արդեն պաշտպանություն չէ: Եթե դիմակը խոնավանում է, այն անպայման պետք է փոխել:
Մալիշևի կարծիքով դիմակը հարմար չէ շնչառական ուղիները տաքացնելու համար: Նա շեշտել է, որ եթե մարդը ցանկանում է տաքանալ, ապա ավելի լավ է շարֆը վեր բարձրացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը