Ունենք վարչապետ, որ ամբողջ օրը ձեռուոտ կտրելով, ասֆալտին ու պատերին ծեփելով՝ ման է գալիս, դրա ազգայինը ո՞րն է․ քաղաքացի
Դուք ասում եք՝ բոլորն էլ ազգային ուժեր են. «Իմ քայլն» էլ մնացածն էլ ազգային են, էլ ինչո՞ւ ենք հավաքվել․ ամեն ինչ լավ է, հաղթել ենք, հաղթելու ենք, այս տրամաբանությամբ առաջ գնանք։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած «Ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագրի որոշման մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց քաղաքացիներից մեկը՝ Էրիկ Խաչիկյանը, դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
«Իմ քայլում» ունենք արդարադատության փոխնախարար, որը մագիստրատուրայում է սովորում հենց հիմա։ Մենք ունենք վարչապետ, որն ամբողջ օրը ձեռք ու ոտք կտրելով, ասֆալտին ու պատերին ծեփելով՝ ման է գալիս։ Դրա ազգայինը ո՞րն է»,- ասաց Էրիկ Խաչիկյանը՝ նշելով, որ եթե այդ տրամաբանությամբ ենք ընդունում ազգայինը, ապա ոչինչ չկա անելու, կարող ենք ցրվել տներով:
Ի պատասխան Էդմոն Մարուքյանն արձագանքեց, որ երբ իրենք պահանջում են վարչապետի հրաժարականը, չեն պահանջում այն հիմնավորմամբ, որ նա ապազգային տարր է։ «Մենք պահանջում ենք այն հիմնավորմամբ, որ նա իր անհեռատես քաղաքականությամբ, չգիտակցելով, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, չգիտակցելով իր ղեկավարած երկրի կարողությունները, մեզ տարել է պատերազմի և մինչեւ վերջ պարտության: Այո, ես շարունակում եմ կրկնել, որ ինձ համար բոլոր ուժերը ազգային են»,-ասաց Մարուքյանը։
Նա հավելեց, որ ոչ մի վատ բան չի տեսնում, որ արդարադատության փոխնախարարը մագիստրատուրայում է սովորում. «Ես խնդիր եմ տեսնում, որ մենք ունենք մի կառավարություն, որին ընտրություններին մասնակցած ժողովրդի 70 տոկոսն ընտրել է, մեզ հասցրել է սրան: Չէր կարող ապազգային ուժը 70 տոկոս ձայն հավաքել»: