Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը:
«Վիճակը նորմալ է, կազդուրման փուլում է։ Տնային պայմաններում դեռ որոշակի ժամանակ կբուժվի»,- հավելեց Ալթունյանը։
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: