Արցախի Մարտունի քաղաքն էլեկտրական հոսանքով ապահովելու համար նախատեսվում է ՋԵԿ-ի կառուցում
Ստեփանակերտի ու հարակից գյուղերի էլեկտրամատակարարումն այժմ ապահովվում է վերականգնված 110 կվտ հզորությամբ ենթակայանի միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյանը:
«Ենթակայանի վերականգնման շնորհիվ ներկայում Ստեփանակերտն ու շրջակա գյուղերն ապահովված են կայուն էլեկտրամատակարարմամբ, իսկ անջատումները հիմնականում պայմանավորված են լինում օդային գծերի տեղափոխմամբ ու բարելավման աշխատանքներով»,-մանրամասնել է պատասխանատուն: Նրա հաղորդմամբ՝ Արցախի մի շարք գյուղերում էլեկտրական հոսանք ունենալու համար ժամանակավորապես օգտագործվում են նաև գեներատորներ:
«Ականազերծման աշխատանքներին զուգահեռ այժմ աշխատանքներ են տարվում նաև Շուշի-Լիսագոր հատվածում օդային գծերի և կապի միջոցների վերականգնման ուղղությամբ: Բացի այն, որ այս աշխատանքները կատարվում են շարունակվող ականազերծումներին զուգահեռ, մասնագետները այս հատվածում աշխատում են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Հարկ է նշել, որ Շուշիից եկող օդային գծով էր իրականացվում նաև Մարտունու էլեկտրամատակարարումը: Մինչ այս օդային գծի վերականգնումը, Մարտունիում նախատեսվում է 5 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցում, որը նախնական ժամանակահատվածում կբավարարի էլեկտրական հոսանքով: Այնուհետև այն կմիանա վերականգնվող ընդհանուր գծին»,-ասաց Լևոն Գաբրիելյանը՝ հավելելով, որ Արցախում էլեկտրամատակարարումն առայժմ իրականացվում է հիմնականում Սարսանգի ՀԷԿ-ի միջոցով:
Անդրադառնալով գազամատակարարման ապահովմանը, մեր զրուցակիցը նշեց, որ այս ենթակառուցվածքը համեմատաբար քիչ է տուժել ռազմական գործողություններից, ուստի հնարավոր է եղել արագ վերականգնել: