ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել, որին ներկա են գտնվել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Իր խոսքում նախարար Վ․ Դումանյանն ընդգծել է, որ մեր պետության համար դժվարին և պատասխանատու այս ժամանակահատվածում իր առաջնային ուշադրության կենտրոնում են լինելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների համակարգված գործունեությունը, ոլորտային խնդիրների արդյունավետ և օպերատիվ լուծումները և դրան զուգահեռ հիմնարար հայեցակարգային ծրագրերի մշակումը։ «Ողջունում եմ բոլորիդ, այստեղ շատերին ես ճանաչում եմ։ Նախարարի պաշտոնը ստանձնել եմ բարդագույն իրավիճակում և ժամանակաշրջանում, և ես եկել եմ այստեղ աշխատելու, իմ հնարավորություններն ու ներուժն օգտագործելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը, իհարկե, ձեզ հետ միասին»,- նշել է նախարար Վ.Դումանյանն աշխատակազմի հետ հանդիպմանը։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալներն ու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են այս պահին ծառացած հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները։
Անդրադարձ է եղել մինչև տարեվերջ պարտադիր իրականացման ենթակա բյուջետային ծրագրերին, Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված դպրոցականների կրթության կազմակերպման, պատերազմական գործողություններին մասնակցած ուսանողների համար նախարարությունում քննարկվող սոցիալական ծրագրերին, մշակութային ժառանգության պահպանմանը և ոլորտային այլ խնդիրների։