«Իրարից 2-3 մետր հեռավորության վրա տեղակայված են հայկական և ադրբեջանական բանակի ներկայացուցիչները». պատգամավորներն այցելել են Սոթքի հանքավայր
Այսօր Սոթքի ոսկու հանքավայրի՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ հանդիպման էին եկել ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Նաիրա Զոհրաբյանը և Արման Աբովյանը: Նրանք բարձրացան հանքավայրի տարածք՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվում այնտեղ: Վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց իրավիճակը:
«Այստեղից մոտ 3.5 կմ հետո մեր հայրենիքը՝ Հայաստանը, ավարտվում է: Այնտեղ արդեն 2-3 մետր հեռավորության վրա տեղակայված են հայկական և ադրբեջանական բանակի ներկայացուցիչները»,- ասաց Զոհրաբյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորն ասաց, որ փորձել են հասկանալ, թե ո՞ւր են տեղափոխվել Քարվաճառի դարպասները, որտեղո՞վ է անցնելու սահմանը:
«Այս պահին այնտեղ միայն զինվորներն էին, նրանք այդ հարցին պատասխանել չեն կարող: Թե Ադրբեջանական սահմանը ինչքա՞ն է մտնելու դեռևս մեր հայրենիքի մեջ, այս պահին դժվար է ասել, տարբեր թվեր են ասում՝ 2 կմ, 4 կմ, որ իրենք գալու են առաջ: Դա նշանակում է, որ Սոթքի հանքավայրի մի հատված մնալու է Ադրբեջանի տարածքում: Թիվ չեմ հնչեցնի, տոկոս չեմ հնչեցնի, բայց այնտեղ, կարծես թե, բավականաչափ մեծ տոկոս հանքավայրի, որը ՀՀ ամենախոշոր հարկատուներից մեկն էր, մնում է այլևս ադրբեջանական հատվածում: Մեր հույսը էլի մնում է հայ զինվորը, հայ բանակը: Մենք հեռվում տեսանք ռադիոլոկացիոն սարքով մեքենա, որը երևի թե պետք է…. ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս պետք է անեն այդ սահմանազատումը, բայց, որ 3 կմ այն կողմ մեր հայրենիքն այլևս ավարտվում է, դրվելու է «Հայաստան վերջ», դա միանշանակ է, դա այդ պայմանագրի արդյունք էր»,- ասաց Զոհրաբյանը:
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ սահմանը պաշտպանում է մեծաթիվ զորք:
«Մենք անվտանգ ենք, հայկական զինուժը պաշտպանում է գոնե եղած սահմանները, և մենք կարող ենք հանգիստ քնել: Այս պահի արձանագրումը սա է, թե ի՞նչ կլինի հետո, չենք կարող ասել»,- ասաց Թովմասյանը:
Պատգամավորները նշեցին, որ չնայած ադրբեջանական զորքն իրենցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էր, նրանք լուռ հետևում էին: Թագուհի Թովմասյանը հանքավայրի աշխատակիցների հետ զրույցում ասաց.
«Հանքն այս կողմից աշխատելու է: Ոնց դուք աշխատել եք, նույն կերպ գնալու եք գործի»:
Նա նաև նշեց, որ հանքավայրը Ռուսաստանի կապիտալն է, և նրանք ավելի շատ են շահագրգռված, որ այն գործի: Այս մասին Թովմասյանը զրուցել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: