Առանց համապատասխան իրավական հիմնավորման առգրավել են իմ ավտոմեքենան՝ որպես իրեղեն ապացույց, որ ես կազմակերպել եմ ապօրինի հանրահավաք. Արթուր Դանիելյան (տեսանյութ)
Այս պահին էլ առանց համապատասխան իրավական հիմնավորման և որոշում ունենալու առգրավել են իմ անձնական ավտոմեքենան, նույնպես որպես իրեղեն ապացույց, որ ես կազմակերպել եմ ապօրինի հանրահավաք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը, ում մեքենան Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկել են:
Նա հիշեցրեց, որ իրեն մեղադրում են նաև ապօրինի հավաքներ կազմակերպելու մեջ և տունը խուզարկելուց տան դանակն են տարել: «Ենթադրում եմ՝ որպես ապօրինի հանրահավաքների կազմակերպման իրեղեն ապացույց»,-ասաց նա:
Արթուր Դանիելյանը նշեց, որ փորձում է իրավապահների գործողություններին ըմբռնումով մոտենալ, բայց հասկանում է, որ այս ամենի հետևանքով պատասխանատվությունից խուսափել չի ստացվի:
«Այն, ինչ տեղի է ունենում քաղաքական գործիչների բնակարաններում, գրասենյակներում հենց պատասխանատվությունից խուսափելու միջոց է, քանի որ, ըստ էության, երկրի առաջին դեմքերը արդեն խայտառակ կապիտուլյացիայի, երկրի պարտության համար պատասխանատու են նշանակել ընդդիմադիրներին, որոնք 2,5 տարի զգուշացնում էին գալիք մղձավանջի մասին, և իրավապահ համակարգը շարունակում է պատասխանատվությունից խուսափելու միջոցառումներ»,- ասաց նա և նշեց, որ դա անընդունելի է: