Եվրոպան մաքրվել է կորոնավիրուսի շնորհիվ
Եվրոպական շատ քաղաքներում նախորդ 2019 թվականի գարնան ցուցանիշների համեմատ օդը նկատելիորեն մաքրվել է:
Ինչպես գրում է Associated Press-ը` վկայակոչելով Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը, պատճառը կորոնավիրուսի համավարակն է. ծանր իրավիճակի պատճառով եվրոպական երկրների իշխանությունները սահմանափակումներ էին մտցնում քաղաքացիների տեղաշարժի, ինչպես նաեւ տնտեսական գործունեության որոշակի տեսակների վրա, այդ թվում փակվել էին բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ:
Ամենաարմատական փոփոխությունները գրանցվել էին Միլանում (Իտալիա) եւ Մադրիդում (Իսպանիա):
Միլանում, նշում է շրջակա միջավայրի գործակալությունը, 54 տոկոսով կրճատվել է ազոտի երկօքսիդի (NO2) եւ մանր պինդ մասնիկների քանակը, որոնք լուրջ ազդեցություն ունեն մարդու առողջության վրա: Մադրիդում` 47 տոկոսով, հայտնում է «Փրայմ»-ն:
Բացի այդ, այս ցուցանիշները զգալիորեն ընկել են Եվրոպայի այլ խոշոր քաղաքներում. հատկապես` Արեւմտյան Գերմանիայում, Բելգիայում եւ Նիդեռլանդներում:
Գործակալությունը պարզաբանում է, որ այս ազդեցությունը ժամանակավոր է: Երկրների իշխանությունները պետք է հասկանան, որ քաղաքներում օդի որակի ստանդարտները չպետք է ուղիղ կերպով կախված լինեն կարանտինի ներդրումից: Ընդ որում, հայտարարել է գործակալության ղեկավարը, անհրաժեշտ է շարունակել նորարարական տեխնոլոգիաներ ներդնել, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի բարեկեցությանը: