«Ինձ փակ համարով զանգել, ասել են` դո՞ւ ես Նիկոլին դեմ»․ Վալերիյ Օսիպյանին սպառնացել են. Hraparak.am
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որը վերադարձել է Հայաստան և մասնակցում է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ցույցերին, ինչ-որ անձինք զանգում և սպառնում են: Այս մասին գրում է Hraparak.am-ը։
Տեղեկությունը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատել է ինքը` Օսիպյանը. «Ինձ փակ համարով զանգել ասել են` դո՞ւ ես Նիկոլին դեմ ու միանգամից անջատել են հեռախոսը»:
Հարցին` իր որոշումներում ինչ-որ բան կարո՞ղ է փոխել այդ սպառնալիքը, Օսիպյանն ասել է. «Ի՞նչ որոշում փոխել, ես մտահոգված եմ իմ երեխաների ապագայի համար մեր երկրում, ինչի՞ ես պիտի փոխեմ: Բացի դրանից` ասում են, որ ինչ-որ խմբեր կան քաղաքում, որոնք նիկոլապաշտ խմբեր են, իմ բարեկամներին ասել են, որ կարող է՝ ձեզ վնաս տան: Իրավապահ համակարգից էլ ինձ ասացին, որ՝ պարո՛ն Օսիպյան, զգույշ եղեք, կարող է՝ Ձեզ բռնեն: Դե, թող բռնեն: Եթե կարծիք արտահայտելու համար, որ մեր երեխաները պետք է մեծանան արժանապատիվ երկրում, պետք է էսպես անեն, թող անեն»:
Օսիպյանը նշել է նաև, որ այս պահին որևԷ բան դեռ չի պատրաստվում անել, բայց եթե որևէ բան պատահի իր կամ իր հարազատների հետ, ապա ամբողջ պատասխանատվությունը կրելու է ներկայիս իշխանությունը