Մենք երբեք պարտություն չենք կրի, քանի դեռ մեր ոգին պատրաստ է հաղթելու. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անձամբ է արձագանքել իր վիրավորված լինելու մասին ադրբեջանական կեղծ տեղեկատվությանը:
«Մենք երբեք պարտություն չենք կրի, քանի դեռ մեր ոգին պատրաստ է հաղթելու», - հայտարարել է Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ պաշտպանության նախկին նախարարն անձամբ է մասնակցում Շուշիի մարտերին, եւ ցուցաբերած անձնուրաց ծառայության համար ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նրան անձամբ էր շնորհակալություն հայտնել, ինչից հետո ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ լուրեր տարածեց, թե Ս.Օհանայնը վիրավոր է:
«Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները», - ասել էր ԱՀ նախագահի խորհրդական Վ.Պողոսյանը:
Շուշիի մոտ հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացմանն ակտիվ ներգրավված է նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի գլխավորած ջոկատը: Երեկ ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ լուրեր էր տարածել նաեւ «Հայրենիք» ջոկատի ենթադրյալ «ոչնչացվելու» մասին, ինչն նույնպես անմիջապես հերքվեց:
«Զորախումբը, գեներալ Արթուր Վանեցյանի հրամատարությամբ և առանց մարդկային կորուստների, շարունակում է առաջնագծում հաջողությամբ իրականացնել բոլոր մարտական առաջադրանքները»,- հայտարարեցին կուսակցությունից: