NASA- ն պատրաստ է լավ գումար վճարել լուսնային գրունտի արդյունահանման համար
Ամերիկյան տիեզերական գործակալությունը պատրաստ է լավ գումար վճարել լուսնային գրունտի արդյունահանման համար:
NASA-ին ոչ այնքան լուսնային ժայռեր են պետք, որքան` դրանք արդյունահանել ցանկացող էնտուզիաստներ: Ուստի այն պատրաստ է վճարել յուրաքանչյուրին, ով կարող է համապատասխան նմուշներ գտնել, լուսանկարել եւ փոխանցել NASA-ին դրա սեփականության իրավունքները: Քարերը կարող են եւ Երկիր չբերվել, այլ` մնալ տեղում. NASA-ն, միեւնույն է, կվճարի, չնայած` ավելի փոքր գումար, փոխանցում է BBC-ն:
Պայմանագիրը թռիչք դեպի Լուսին չի ենթադրում. դա այժմ հասանելի է միայն երեք երկրի համար. Այն էնտուզիաստների համար է (իհարկե` փողի դիմաց), ովքեր ռոբոտներ կստեղծեն, որոնց արդեն NASA-ն կամ այլ խոշոր ավիատիեզերական ընկերություն կտեղափոխի մեր արբանյակի վրա:
Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերություններին առաջարկվում է մեր արբանյակի որեւէ կետից լուսնային գրունտի կամ ռեգոլիտի հավաքման պլաններ ներկայացնել (ընդունվում է 50-ից 500 գրամ, սակայն պետք է մտածել, որ եթե ինչ-որ մեկը կարող է ավելի մեծ կտոր առաջարկել, NASA-ն չի մերժի), ներկայացնել լուսանկարչական ապացույցներ առ այն, որ գրունտն իսկապես վերցվել է Լուսնից, իսկ հետո նմուշների սեփականության բացառիկ իրավունքը փոխանցել NASA-ին: Նրանք խոստանում են նմուշների արժեքի 20 տոկոսը փոխհատուցել անմիջապես, մնացածը` տեղափոխումից հետո: NASA-ն կարծում է, որ պայմանագրերի արժեքը տասնյակ հազարավոր դոլարներ կկազմի:
«Մենք իսկապես ռեգոլիտ ենք գնում, սակայն մենք դա անում ենք` ցույց տալու համար, որ Լուսնի վրա արդյունահանվող ռեսուրսները կարող են իրականում պատկանել այն մարդկանց, ովքեր իրենց աշխատուժը եւ կապիտալը ներդնում են այս գործի մեջ»,- ասել է NASA-ի ղեկավար Զիմ Բրայդենստայնը:
Նա խոստացել է, որ նմուշառման եղանակը կհստակեցվի ավելի ուշ, սակայն դեռ պարզ չէ` արդյո՞ք դա նշանակում է, որ գրունտը կվերցնեն տիեզերագնացները եւ կուսումնասիրեն այն անմիջապես Լուսնի վրա, թե, այնուամենայնիվ, կհասցվի Երկիր: