«Ինչու են բժիշկները ծեծվում, սպանվում ու չեն խրատվում». բաց նամակ Սամվել Ալեքսանյանին
Բաց նամակ Սամվել Ալեքսանյանին
/Աստղիկ ԲԿ-ում տեղի ունեցածի մասին/
Պարոն Ալեքսանյան, շատ հասկանալի պատճառով մեկ շաբաթ ուշացած նամակ է:
Ձեր հիվանդանոցի հետ գործ ունենալուց հետո հասկացա, թե ինչու վիճակագրությամբ ամենից շատ բռնության են ենթարկվում բժիշկները:
Ո~վ էր տեսել 42 շաբաթական հղիին 2 օր տանջեն, հաջորդ օրը հիվանդանոցից դուրս հանեն, մի ողջ օր ձգեն, հեռախոսով համոզելով, թե հերոսական աղջիկ ես, դիմացի, հետո միայն ուշագնաց, վերջին վայրկյաններին հասցնեն հիվանադանոց ու առանց որևէ նախապատրաստության կեսարյան հատում անեն:
Ի~նչ անուն տաս բժշկին, որը պատճառաբանելով, թե գինեկոլոգը հոգնած է ողջ գիշերվա ընթացքում, թող հանգստանա, քայլելու և մտածելու անընդունակ ծննդկանին դնում է մեքենայի մեջ և ամուսնուն համոզում տանել տուն` միջին հեռավորության գյուղ` սպասելու: Պատճառաբանությամբ, որ քնի- հանգստանա, ուժ հավաքի: Կա աշխարհում մեկը,որն այդ վիճակում կքնի: Ազնիվ կլիներ, որ ուղարկեր ուրիշ հիվանդանոց: Բայց ոչ, լավ բիզնեսմենի հիվանդանոցում հաճախորդ չեն կորցնում: Ակամա համեմատություն է ծնվում աշխարհի հետ, որտեղ հերթագրվում են` տիեզերք զբոսաշրջիկ մեկնելու համար, իսկ մեր աղջիկները անգրագետ ու սադիստ բժիշկների շնորհիվ երեխա են ունենում այնպիսի անմարդկային տառապանքով, ինչպես մեր նախատատերը` խոտհնձի ճանապարհին
Իհարկե, Սամվել Ալեքսանյանը Հիպոկրատին երդում չի տվել, և իբրև գործարար առաջնորդվում է քիչ բժիշկով առավելագույն շահույթ ստանալու տրամաբանությամբ: Սակայն եթե օղին, շաքարավազը, ալյուրը կամ թռչնամիսը կարող են վնասել գրպանին և առողջությանը, այս դեպքում կարող է կյանք արժենալ: Մի խնայեեք մարդկանց կյանքի գնով: Մեկ վիրաբույժը, թեկուզ ամենալավը կոնվեյեր/ հարահոս/ չէ, բժիշկը մարդ է, որը կարող է հոգնել, ձեռքը դողալ և այլն: Միայն բժիշկների սակավությամբ և ձեռքից հաճախորդ բաց չթողնելու հայի սովորությամբ է բացատրվում այն, ինչ կատարվեց:
Փաստորեն հիվանադանոցը ոչ միայն եվրոլաբիրինթոս հիշեցնող երկնաքերն է, ամենուր հնչող գովադը, անգլերեն exit գրությունները, այլև առաջարկին բավարարող լավագույն բժիշկները
Բարեբախտաբար, լավ վիրաբույժի շնորհիվ ամեն ինչ լավ վերջաբան ունեցավ:
Ես մայր եմ, սա պատահեց իմ աղջկա ու մեր մեծ ընտանիքի հետ, և չէի կարող լռել:
Իբրև լրագրող, թեկուզև պասսիվ, չէի կարող չնախազգուշացնել Ձեզ` պարոն Ալեքսանյան, և մյուս հայերին:
Գայանե Մկրտչյան
Հ.Գ. Տխուր նոտայով չավարտենք: Պարզվում, օրը 10 հազար պալատին վճարելուց հետո հիվանադապահը պիտի առձեռն վճարի ևս 5 հազար դրամ, գիշերը չոր աթոռին արթուն լուսացնելու համար: Գումարը հավաքողների բացատրությամբ այսպես է տարիներով, և այդ թանկարժեք աթոռները 12-ը չեն, այլ` հարյուրավոր: Հանրապետության բոլոր ոլորտները շտկելու արշավին լծված Կարեն Կարապետյանի ուշադրությունն ենք հրավիրում նաև այս պուճուր ստվերի, շորթումի և աբսուրդի վրա: