Ալեն Սիմոնյան. «ՀՀԿ–ն չի կարողանա նույնիսկ 15% ձայն հավաքել, և ես վստահ եմ, որ բոլորի համար շատ անակնկալներ են լինելու». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ Նոր Նորքի 4–րդ զանգվածում գտնվող մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից հետո, թիվ 4 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով «Ելք»–ի պատգամավորության թեկնածու առաջադրված Ալեն Սիմոնյանը դիմել է ոստիկանություն:
«Փաստի» հետ զրույցում նա ասաց, որ այսօր նույնպես եղել է ոստիկանությունում և դեպքի հանգամանքների վերաբերյալ բացատրություն է տվել: Ու թեև իր համար առանձնապես կարևոր չէ, թե քննությունն ինչ հունով կընթանա և մեղավորների հանդեպ ինչ պատիժ կսահմանվի, սակայն նման միջադեպերը նրան բավականին տխրեցնում են, քանի որ դա ոչ առաջին և ոչ էլ վերջին դրսևորումն էր:
«Մի քանի օր առաջ էլ ուրիշ դեպք էր եղել: Բոլոր քարոզարշավների ժամանակ էլ նման միջադեպեր լինում են, ու վստահ եմ, որ գալիք ժամանակահատվածում էլի են լինելու: Չեմ ուզում մարդկանց մասին վատ բաներ ասել, քանի որ հասկանում եմ, որ մարդկանց վիճակը վիճակ չի և այնպես չէ, որ նրանք լավ օրից են նման ձևով իրենց պահում»,– ասաց Ա. Սիմոնյանը:
Պատգամավորության թեկնածուի կարծիքով, մարդկանց լարվածությունը քաղաքական այս կամ այն ուժից ունեցած գումարային կախվածությամբ է պայմանավորված, ովքեր իրենց 10, 20 կամ 50 հազար դրամի համար պատրաստ են ամեն կերպ պայքարել:
«Այդ գումարը նրանց ապրելու միակ միջոցն է և ղեկավարությանը հաճոյանալու, աշխատանքը չկորցնելու համար են նման բաներ անում: Շատ եմ ցավում, որ մենք նման վիճակի ենք հասել»,– ասաց պատգամավորության թեկնածուն:
Նա նաև նշեց, որ չի զբաղվում սոցիոլոգիական արդյունքների համեմատությամբ, քանի որ նոր ընտրակարգի պայմաններում որևէ մեկը չի կարող ասել, թե որ կուսակցության կամ դաշինքի շանսերը ինչքան կլինեն:
«Շատ հնարավոր է, որ Հանրապետական կուսակցությունը պարտվի: Իսկ եթե ամեն ինչ նորմալ ընթանա, պետական աշխատողների ռեսուրսն անգամ հաշվի առնելով, Հանրապետականը նույնիսկ չի կարողանա 15% ձայն հավաքել: Եվ շատ հնարավոր է, որ «Ելք» կամ «Ծառուկյան» դաշինքը, կամ էլ կոմունիստները հաղթեն: Այնպես որ ես վստահ եմ, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի, բայց վստահ եմ, որ շատ անակնկալներ են լինելու բոլորի համար»,– ասաց Ա. Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Նոր Նորքի 4–րդ զանգվածի սպորտդպրոցի տարածքում քարոզարշավ են իրականացրել, որի ժամանակ դպրոցի աշխատակիցներից մեկը նրանցից պահանջել է դադարեցնել այն՝ պատճառաբանելով, որ այդ տարածքում քարոզարշավ իրականացնելն օրենքով արգելվում է: Երբ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանը փորձել է պարզել, թե ցուցանակ չունեցող այդ շինությունն իրոք դպրոցի տարածք է, պարզվել է, որ այդ նույն շենքի առաջին հարկում մեկ այլ թեկնածուի նախընտրական քարոզչական պաստառ է տեղադրված: Շինություն մուտք գործելուց հետո սպորտդպրոցի աշխատակիցները նախասրահից նախընտրական պաստառը փորձել են փախցնել երկրորդ հարկ, իսկ «Ելքի» անդամները տեսանկարահանել են այդ ամենը: Դրանից հետո դպրոցի աշխատակիցները փորձել են Ա. Սիմոնյանի ձեռքից խլել այն հեռախոսը, որով նա տեսանկարահանել է միջադեպի մանրամասները: Քաշքշոցի արդյունքում պատռվել է պատգամավորության թեկնածուի վերարկուն: Դեպքից հետո ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, իսկ ՀՀ դատախազությունը դեպքի առիթով քրեական գործ է հարուցել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: