Tesla-ի բաժնետոմսերի արժեքն առաջին անգամ հատել է 2000 դոլարի շեմը
Էլեկտրամեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերության բաժնետոմսերի արժեքն առաջին անգամ հատել է 2000 դոլարի շեմը: Այդ մասին վկայում են Նյու Յորքի ֆոնդային բորսայի կայքում հինգշաբթի հրապարակված տվյալները:
Business Insider պորտալի գնահատականի համաձայն՝ Իլոն Մասկի Tesla ընկերության շուկայական կապիտալիզացիան ավելացել է՝ հասնելով $372 միլիարդի՝ այդպիսով առաջ անցնելով ԱՄՆ-ում խոշորագույն Walmart մանրածախ առևտրի ցանցից (մոտ $371 միլիարդ):
Նշենք, որ մեկ տարի առաջ ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը չէր գերազանցում 260 դոլարը: Այժմ այդ ցուցանիշն ավելացել է մոտ 374%-ով:
Tesla ընկերությունն Իլոն Մասկը հիմնել է 2003 թվականին: Սկզբնապես այն կոչվել է Tesla Motors, այնուհետև՝ Tesla: Հետագայում այն, բացի էլեկտրամեքենաներից, սկսել է արտադրել նաև արևային մարտկոցներ: