Վարդան Մակարյանի կնոջը 18 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա են նվիրել «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանի կնոջը նախորդ տարի 18 հազար ԱՄՆ դոլարով "RANGE ROVER SPORT 4.4" մակնիշի ավտոմեքենա են նվիրել: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի կնոջ 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Զարուհի Մելիքսեթյանը նախորդ տարի նաև 90 միլիոն դրամ արժողությամբ բաժնետոմսեր է ունեցել, ինչը, սակայն, մինչ տարեվերջ օտարվել է:
Ի տարբերություն կնոջը` Մակարյանը նախորդ տարի ոչինչ չի գնել կամ վաճառել: Նա հայտարարագրել է 36 հազար 500 ԱՄՆ դոլար և 1 միլիոն 600 հազար դրամ դրամական միջոցներ: Իսկ պաշտոնյայի տարեկան աշխատավարձն էլ կազմել է 9 միլիոն 157 հազար դրամ:
Մակարյանի կնոջ 2016 թ. հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ վերջինս իր պաշտոնյա ամուսնուց շատ ավելի հարուստ է ներկայանում: Մասնավորապես, Զարուհի Մելիքսեթյանը հայտարարագրել է 101 միլիոն դրամ և 45 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Ի դեպ, իր դրամով արտահայտված դրամական միջոցները ավելի քան տասնապատկվել էին, քանի որ տարեսկզբին պաշտոնյայի կինն ունեցել էր միայն 9 միլիոն դրամ:
Ըստ Մելիքսեթյանի հայտարարագրի` եկամուտների մի մասը գոյացել է 1 միլիոն 521 հազար դրամ աշխատավարձից, մի մասը 21 միլիոն 274 հազար դրամ շահաբաժնից, 90 միլիոն 635 հազար դրամը ստացվել է գույքը վաճառելու արդյունքում, իսկ մի մասն էլ` նվիրատվությունից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: