Ովքե՞ր են Հանրապետական կուսակցության առաջատար դեմքերը
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը (ՀԿՈՒՀԿ/ВЦИОМ) ներկայացրել է գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի մասին Հայաստանի Հանրապետության բնակիչների շրջանում իրականացված հարցման արդյունքները:
Ըստ հարցման արդյունքների, ՀՀ բնակչության 72%-ը նշել են, որ մտադիր են մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Հաշվի առնելով մերժումների չափաբաժինը՝ մասնագետների կանխատեսմամբ ընտրություններին մասնակցությունը կկազմի մոտ 62%: Միաժամանակ ընտրողների մեկ երրորդը դեռևս որոշում չեն կայացրել, թե ում օգտին են քվեարկելու կամ էլ հրաժարվում են հայտնել իրենց ընտրության մասին սոցիոլոգներին: Դրանով էլ պայմանավորվում է էլեկտորալ պատկերի նշանակալի փոփոխականությունը. իրավիճակը մնում է անորոշ, և զարգացումները մեծապես կախված են լինելու ընտրարշավի ընթացքից:
Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովի կողմից ներկայացված վերլուծության, Հանրապետական կուսակցության հնարավորությունները մեծացնում են վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնը պահպանելու տված խոստումը. նա վայելում է ազգաբնակչության կողմից մեծ աջակցություն (77%):
Միաժամանակ Հայաստանի Հանրապետական Կուսակցության մեկ այլ առաջատարը Տարոն Մարգարյանն է, ում վստահում է ՀՀ ազգաբնակչության 60%-ը:
Նախընտրական հարցումն իրականացվել է ՀԿՈՒՀԿ-ի կողմից 2017 թ. փետրվարի 22-ից 26-ը «Շանթ» հեռուստաընկերության պատվերով: