ԱԺ նախագահը հապճեպ ստորագրեց
Այսօր գրել էինք, որ երեկ լրացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԱԺ-ի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելու համար նախատեսված 21-օրյա ժամկետը:
Սարգսյանը, ինչպեսեւ ենթադրվում էր, ո՛չ ստորագրեց այն, ո՛չ էլ ուղարկեց ՍԴ՝ սահմանադրականությունը որոշելու։ Թվում էր, թե ԱԺ նախագահը չի օգտվի 5-օրյա ժամկետից եւ առաջին իսկ օրը կհրապարակի այս նախագիծը, քանի որ դրանից հետո միայն կդադարեցվեն ՍԴ 3 անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները, սակայն Միրզոյանը, ինչպես երեւում է, որոշել է խաղալ ոմանց նյարդերի հետ եւ հնարավորինս ձգել ինտրիգը։ Մինչդեռ մի քանի օր առաջ, մեր հարցին ի պատասխան, վստահեցրել էր, թե ժամկետը լրանալուն պես «հաճույքով» կստորագրի նախագիծը։ Ինչո՞ւ է ԱԺ խոսնակը հետաձգում «հաճելի» պահը, գուցե փորձում է ընդգծել իր դերակատարումն այս գործընթացում կամ հասկացնում է, որ այնքան էլ «հաճելի» պրոցես չէ։ Նրա շրջապատը չի բացառում, որ Միրզոյանը ստորագրի վերջին օրը, եթե մինչ այդ Նիկոլ Փաշինյանից «մուշտի» չստանա։
Քիչ առաջ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։
«Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում, և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»,- տեղեկացրել է Արարատ Միրզոյանը: