Տավուշի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են
Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված 4 զինծառայողները հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հետմահու պարգևատրվել են։
Համապատասխան հրամանագրերը ներկայացված են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Գարուշ Վերիմի Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով»։
ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
ՀՀ ՊՆ նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:
ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։
Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ունի 11, հայկական կողմը՝ 4 զոհ: