Դանակահարվել է ՊՆ աշխատակցի տղան․ ոստիկանները որոնում են հանցագործին
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը երեկ՝ մարտի 5-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք թափանցող, հետորովայնային տարածություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երիտասարդ տղա։ Պարզվել է, որ վիրավորը Լեփսիուսի 6-րդ փողոցի բնակիչ, 22-ամյա Հրաչյա Հովհաննիսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Վ. Համբարձումյան փողոցի թիվ 18/2 հասցեի մոտից։ Ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված շենքի մոտ Հ. Հովհաննիսնյանի հետ վիճաբանել են նշված փողոցի բնակիչներ՝ 49-ամյա Գագիկ Մարանդյանը և 25-ամյա Էրիկ Մարանդյանը, որի ժամանակ նրանցից մեկը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Հ. Հովհաննիսյանին։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալներ Գ. և Է. Մարանդյանններին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դանակահարվածին հիվանդանոց է տեղափոխել հայրը՝ 43-ամյա Խաչատուր Հովհաննիսյանը, ով աշխատում է ՀՀ ՊՆ-ում։