Հայկական բանակը փետրվարի 25-ին խափանել է ամենակարևորը
Yerkir.am-ը գրում է.
Այն ինչ փետրվարի լույս 25-ի գիշերը ադրբեջանական զինուժը փորձել է իրականացնել արցախա-ադրբեջանական շփման գծի արևելյան և հարավարևելյան ուղղություններով և ինչի արդյունքում լուրջ մարդկային կորուստներ ունեցավ ու ետ շպրտվեց ելման դիրքեր, իրականում հերթական դիվերսիոն-հետախուզական գործողությունը չէր: Դա Արցախի տարածք ներխուժող զինտեխնիկայի և կենդանի ուժի համար միջանցքի ստեղծման փորձ էր, ինչի մասին վկայում է երկու հանգամանք: Նախ՝ գործողության ընթացքում կիրառվել են ականազերծման տեխնիկա և հատուկ միջոցներ, երկրորդ՝ ըստ փետրվարի 26-ի ԱՀ ՊՆ-ի հրապարակած տվյալների, միջդիրքային տարածքում հակառակորդի ոչնչացված 5 զինծառայողների թվում եղել են բրիգադի հետախուզության պետ, հետախուզական վաշտի հրամանատար, երկու շարքային հետախույզ և մեկ սակրավոր:
Չնայած պաշտոնական Բաքուն փորձեց նախահարձակ լինելու մեջ մեղադրել հայկական կողմին՝ հայտարարելով, թե իրենք կորուստներ են ունեցել «պաշտպանական» գործողությունների ժամանակ, սակայն փաստը, որ դիակները մնացել էին միջդիրքային տարածքում, հաստատում էր այդ պնդումների անհեթեթությունը: Բայց, որպեսզի այս պրիմիտիվիզմը հասարակական լայն ռեզոնանս չհարուցի, Բաքվի իշխանական-քարոզչական ամբողջ մեքենան երեք օր շարունակ սեփական հասարակությանը ենթարկում էր տոտալ տեղեկատվական ահաբեկման՝ տպավորություն ստեղծելով, թե հայկական կողմը արցախա-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով անցել է գրոհի: Սեփական հասարակությանը նման մանիպուլյացիոն մամլիչի տակ ահաբեկելու համար՝ ալիևյան ռեժիմն ուներ ևս մեկ կարևոր պատճառ: Խնդիրն այն է, որ դրա նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ն հպարտությամբ նշում էր, թե նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն անձամբ է ղեկավարում առաջնագծում իրենց զորամիավորումների գործողությունները: Այսինքն, եթե քարոզչական մամլիչը գործի չդրվեր, ակնհայտ էր դառնալու այս ձախողման մեջ հենց անձամբ Հասանովի պատասխանատվությունը և նրա հեղինակությունը հավասարվելու էր զրոյի: Պատերազմի ներկայիս տոտալ քարոզչությունն առաջին հերթին ուղղված է անձամբ Հասանովի և բանակի երեսը փրկելուն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: