Չենք կարծում, որ տապալվել է գործընթացը. Լիլիթ Մակունցը վեթինգի եւ Սահմանադրությունը փոխելու մասին
Չենք կարծում, որ տապալվել է վեթինգի այդ գործընթացը. այո, մենք կարծում ենք, որ շատ հարցերում մի գուցե ավելի ճիշտ կլիներ մի փոքր ավելի արագ գործել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադառնալով երեկ վարչապետի եւ արդարադատության նախարարի հանդիպմանը:
«Մենք չենք համարում, որ ամեն ինչ կատարյալ է մեր գործողություններում, բայց փորձում ենք անել առավելագույնը, որպեսզի ավելի համապարփակ անդրադառնանք դատաիրավական բարեփոխումներին:
Մենք դրական ենք գնահատում այն ռազմավարությունը, որ մշակել է արդարադատության նախարարությունը, պարզապես պետք է դրսեւորենք հետեւողականություն եւ իրականացնենք դրանք»,-ասաց նա:
Մակունցը նաեւ հավելեց. «Ինչ վերաբերում է վեթինգին, երեկ նախարարը վարչապետի հետ հանդիպման ընթացքում բավական հանգամանալից անդրադարձավ դրանց։ Բարեվարքությանը վերաբերող օրենքների շարքը մենք կարծում ենք, որ գործնականում կարող է շատ դրական ազդեցություն ունենալ եւ լիահույս ենք, որ բոլոր մարմինները իրենց լիազորությունների շրջանակներում կանեն առավելագույնը։
Թե՛ այստեղ նախարարն է նշել, թե՛ մեր գործընկեր իրավաբաններն են նշել պետաիրավական հանձնաժողովից, որ բարեվարքության օրենքների շարքը ըստ էության իրականացնում է գրեթե նույն գործառույթը։ Այնտեղ կան հատվածներ, որոնք ՀՀ Սահմանադրության հետ հակասությունների մեջ էին մտնում եւ այն շեշտադրումներով, որը ենթադրում էր վեթինգը, չի կարող լինել: Բայց դա չի նշանակում, որ բարեվարքությանը առնչվող այս օրենքների շարքը չի անդրադառնում եւ չի լուծում խնդիրների մեծամասնությունը»:
Հարցին, թե չե՞ն պատրաստվում փոխել Սահմանադրությունը, որը թույլ կտա վեթինգ իրականացնել, Մակունցը պատասխանեց. «Սահմանադրական փոփոխությունների հետ կապված աշխատանքային խումբը արդեն ձեւավորված է։ Թե՛ մասնագիտական խմբերը, թե՛ հասարակական սեկտորից խմբերը, թե՛ ընդդիմությունից եւ թե՛ իշխող մեծամասնությունից բոլոր կողմերը ներառված են։
Ես համոզված եմ, որ եթե քննարկման արդյունքում ընդհանուր կոմսենսուսով որոշվի, որ ինչ-որ մի ուղղություն կարեւոր է եւ օգտակար է Հայաստանի Հանրապետությանը եւ օրենքի գերակայության հաստատմանը, վստահ եմ, որ այդպես էլ լինելու է»: