Չինաստանի իշխանությունները մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման մեկ դեպք
Չինաստանի իշխանությունները անցած մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ընդամենը մեկ նոր դեպք, ոչ մի մարդ չի մահացել, 87-ն ապաքինվել է: Այս մասին այսօր հայտնել է Չինաստանի Հիգիենայի եւ առողջապահության հարցերով պետական կոմիտեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Վարակման նոր դեպքը գրանցվել է Շանհայում, վարակակիրը ժամանել էր արտասահմանից: Չինաստան ժամանողների շարքում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1 676-ի, որոնցից 325-ը դեռեւս բուժում է ստանում (նրանցից 5-ի վիճակը ծանր է), 1 351-ն ապաքինվել է եւ բուժհաստատություններից դուրս գրվել: Արտասահմանից Չինաստան ժամանած ոչ մի վարակակիր չի մահացել:
Կոմիտեի հայտարարությունից հետեւում է, որ մայիսի 5-ի կեսգիշերի տվյալներով Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 82 881-ի, առողջացել է 77 853 մարդ, մահացել 4 633-ը: Եվս 395 մարդ հիվանդանոցներում են, որոնցից 29-ի վիճակը ծանր է:
Այս ամսվա սկզբից Չինաստանի իշխանությունները հրապարակում են ախտանիշներ չունեցող պացիենտների առանձին վիճակագրություն: Եթե դրական թեստով եւ ախատանիշների բացակայությամբ մարդու մոտ, այնուամենայնիվ, հայտնվել են հիվանդության նշաններ (հազ, ջերմություն եւ այլ նշաններ), նրան հաշվառում են հիվանդացածների առանձին վիճակագրության մեջ: Անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի դրական թեստով եւ հիվանդության ախտանիշների բացակայությամբ 15 մարդ: Ներկայումս բժշկական հսկողության տակ են այդպիսի 947 պացիենտներ, որոնցից 94-ը ժամանել է արտասահմանից: Ընդ որում՝ իշխանությունները չեն հրապարակում համաճարակի սկսվելուց հետո Չինաստանում գրանցված առանց ախտանիշների դեպքերի ընդհանուր թիվը: