Հիշեք, պարոնայք, որ հեչ պատեհ պահը չէ ի ցույց դնելու ձեր լոկալ շահերը. Աշոտյան
Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2016 թվականին Արցախում տեղի ունեցած խորհրդակցության շուրջ ապատեղեկատվական գործողություններին կոշտ արձագանքը չուշացավ. Արցախի պետական եւ քաղաքական բազմաթիվ գործիչներ վերջակետ դրեցին այս շահարկումներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սակայն ջուրը պղտորելու փորձը շարունակվում է։ Բանակցային գործընթացից եւ քաղաքականությունից մի քանի լուսային տարի հեռու գտնվողների եւ այդ զավեշտը տարածողների թարմ անգրագիտություններին ի պատասխան ընդամենը երկու բան շեշտեմ՝
1. Ադրբեջանը մշտապես մերժել է Մադրիդյան սկզբունքները։
2. Մադրիդյան սկզբունքները կամ նրանց հիման վրա մշակված որեւէ առաջարկություն երբեք չի ստորագրվել։
Կռահելի է, որ, բացի ներհայաստանյան զարգացումներից, Արցախում նշմարվող քաղաքական գործընթացները նույնպես հղի են Արցախի հարցի շուրջ վտանգավոր հեռանկարներով։ Բայց հիշեք, պարոնայք, որ հեչ պատեհ պահը չէ ի ցույց դնելու ձեր լոկալ շահերը՝ համազգային խնդիրների հաշվին»: