«Պառակտում առաջացնող նյութեր քննարկելուց զերծ մնանք». Ավինյանի աշխատակազմի ղեկավարը դեմ է օրհներգը փոխելուն
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ազգային օրհներգը փոխելու քննարկումների վերաբերյալ եւ նշել, որ ինքը կտրականապես դեմ է փոփոխությանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սիրելի՛ ընկերներ,
Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կտրականապես դեմ եմ Հայաստանի Հանրապետության օրհներքը եւ/կամ դրոշը փոխելու գաղափարին եւ այդ առնչությամբ հնչեցվող տարատեսակ առաջարկներին։ Համոզված եմ, որ պառակտում առաջացնող նյութեր քննարկելուց զերծ մնալը եւ կառուցողական քննարկում պահանջող նյութերի շուրջ համախմբվելը նախընտրելի է։
Ասեմ ավելին եւ փորձեմ արտերկրում բնակվող իմ ընկերներին եւ հայրենակիցներին վստահեցնել, որ այս գծով զրուցել եմ թե՛ գործադիրում եւ թե՛ օրենսդիրում աշխատող մի քանի գործընկերների հետ եւ վստահ կարող եմ ասել, որ օրհներք եւ/կամ դրոշ փոխելու օրակարգ չկա։
Վերջապես, կարծում եմ, որ այս փուլում շատ ավելի կարեւոր եւ առաջնահերթ խնդիրներ ունենք լուծելու։ Շնորհակալություն»:
Նշենք, որ օրեր առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ մտադիր է նախաձեռնությամբ հանդես գալ՝ ՀՀ օրհներգը փոխելու եւ Արամ Խաչատրյանի գրած օրհներգին վերադառնալու վերաբերյալ: Արդեն երեկ Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը հայտարարել էր, որ այդ հարցով դիմել են Սփյուռքի կառույցներին՝ կարծիքներ ստանալու համար: