Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը (վիդեո)
Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հունվարի 5-ին, երեկոյան Սուրբ Զատկի ճրագալույցին կմատուցի Սուրբ Պատարագ:
Եկեղեցու հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդի եւ Սուրբ Զատկի նախորդ օրերը կոչվում է ճրագալույց: «Ճրագալույց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել: Հայ եկեղեցին տարվա մեջ երկու անգամ է երեկոյան Սուրբ Պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Զատկի ճրագալույցներին:
Ըստ Գրիգոր Տաթեւացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի, եւ հունվարի 6-ի առավոտյան՝ տերունական, որովհետեւ Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ըստ այսմ՝ ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության:
Եկեղեցական կյանքում նվիրագործված ավանդության համաձայն՝ նոր օրն սկսվում է տվյալ օրվա երեկոյից (սկսած ժամը 18.00-ից): Ահա այս պատճառով, համաձայն Հայոց եկեղեցու հնավանդ կանոնների, տաղավար տոներից Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Զատկին նախորդող օրերի երեկոյան իսկ՝ ճարագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում, եկեղեցին ավետում է բարի լուրերը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ», «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:
Սուրբ Ծննդյան նախորդ օրը՝ հունվարի 5-ին, Հայ եկեղեցում կատարվում է ճրագալույցի հանդիսավոր արարողությունը: Հատուկ արարողակարգով վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները: Քահանաները զգեստավորված գալիս են ատյան, ուր խնկարկելով եւ «Ուրախացի՛ր, սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Քրիստոսի գալուստը: Երեկոյան ժամերգությունից հետո ընթերցում են Սուրբ Գրքից հատվածներ: Ընթերցվում է Հիսուսի ծնունդն ավետող դրվագը Ղուկասի ավետարանից, ինչպես նաեւ հատվածներ Ղուկասի եւ Մատթեոսի ավետարաններից: Բեմը նախապես վարագույրով ծածկված է լինում: Ապա պատարագիչը բարձրանում է խորան եւ զգեստավորվում: Այս ընթացքում ատյանում ընթերցվում են Տիրոջ գալուստը վկայող մարգարեությունները: Երեկոյան կատարվող այս ընթերցումները՝ ճրագների ու կանթեղների լույսի ներքո, խորհրդանշում են մարգարեների աղոտ ծագումը Արդարության Արեգակի հայտնվելուց առաջ: Եվ հինը խառնելով նորի հետ՝ տոնախմբում ենք գալիք օրվա հիշատակը: Ապա ընթերցվում է Դանիելի մարգարեությունից հատվածներ, բացվում է Սուրբ Խորանի վարագույրը եւ սկսվում է Սուրբ Պատարագի արարողությունը:
Ավարտից հետո կատարվում է հաջորդ օրվա տոնի նախատոնակը, որով սկիզբն է դրվում Սուրբ Ծննդյան տոնի հիշատակը: Այն Սուրբ Ծննդյան տոնի նախապատրաստությունն է: Սուրբ Գրիգոր Աստվածաբանի խոսքով. «Այսօր նախօրեն ու նախատոնակն է վաղվա մեծ լույսի ծագման: Եվ ինչպես թագավորի գալստյան ավետիսը լսելով՝ նրան սիրողներն ուրախանում ու պատրաստություն են տեսնում կամ ջահերով ընդառաջ գնում նրան, նույնպես էլ մենք»:
Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում եւ տանում իրենց տները լուսավորելու: Այն խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որը առավել էր, քան արեգակը, որովհետեւ ցերեկով էլ էր երեւում, եւ որը մոգերին առաջնորդեց դեպի ճշմարիտ Լույսը՝ դեպի Մանուկ Հիսուսը: Հնավանդ ժողովրդական սովորության համաձայն՝ ճրագալույցի երեկոյան մարդիկ այցելում են միմյանց՝ տոնի ավետիսը փոխանցելու:
Ճրագալույցի երեկոն կոչվում է նաեւ խթում, այն ուտիքի նախատոնակն է: Նախընտրելի է այդ օրվա ընթրիքը պատրաստված լինի ձկնեղենից, կաթնեղենից ու բանջարեղենից, բայց առանց մսի
Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո մինչեւ հունվարի 13-ը կատարվում է նաեւ Սուրբ Ծննդյան տնօրհնեք: