Երբ անհրաժեշտ լինի, կզբաղվեմ ակտիվ քաղաքականությամբ. Հայկ Կյուրեղյանը համաներումից հետո աշխատում է ծրագրավորող:
Դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը համաներմամբ ազատ է արձակվել եւ այժմ աշխատում է իր մասնագիտությամբ՝ որպես ծրագրավորող։ NEWS.am-ի հետ զրույցում Հայկն ասաց, որ թեեւ ազատության մեջ է, սակայն պայքարելու է արդարացման դատավճռի համար։
«Ես դիմել եմ Եվրոդատարան՝ 2 հայցով, որ արդարացման դատավճիռ կայացվի, եւ երկրորդը՝ ոստիկանությունում ինձ խոշտանգելու հարցով։ Գործն ընթացքի մեջ է, սպասում ենք նորությունների»,– ասաց նա։
Մոտ երեք տարի ազատազրկված Հայկ Կյուրեղյանն այժմ քաղաքականությամբ չի զբաղվում, սակայն նշում է՝ եթե անհրաժեշտ լինի, նախաձեռնությամբ հանդես կգա։
«Առայժմ ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց աջակցում եմ «Սասնա ծռեր» կուսակցությանը, սակայն չեմ անդամակցում կուսակցությանը։ Համարում եմ՝ առայժմ կարիք չկա զբաղվելու ակտիվ քաղաքականությամբ, երբ դրա կարիքը լինի, զգամ, որ ես անհրաժեշտ եմ, հանդես կգամ որեւէ նախաձեռնությամբ։ Համարում եմ, որ հասարակության յուրաքանչյուր անդամ իր պարտքը պետք է կատարի՝ քաղաքականության մեջ որեւէ կերպ դրսեւորվելով»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին: