Քարոզչական ստահոդ մանիպուլյացիա` Ծառուկյանի դեմ
Կրիպտոարժույթները շատ են ու ամեն օր ծնվում է նորը՝ նոր հնարավորություններով, նոր անուններով և նոր արժեքներով: Դրանց մասին կարելի է անվերջ խոսել: Արդեն մի քանի ամիս է, ինչ ՀՀ-ում հիմնվել է մայնինգ-ֆերմա, որտեղ բավականին լայն թափով սկսվել են աշխատանքներ. նախաձեռնությունը Գագիկ Ծառուկյանինն է:
ՏՏ ոլորտի մասնագետները «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և շվեդական «Օմնիա Թեք» ընկերության՝ Հայաստանում աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերմա ստեղծելու նախագիծը բնորոշում են որպես հեղափոխական քայլ, որը մեր երկրի առջև բացելու է նոր հեռանկարներ:
Այսօր հայաստանյան կայքերից մեկը, որը աչքի է ընկնում իր բովանդակային և խոսակցական մակարդակի հրապարակումներով, գրել է, թե Գագիկ Ծառուկյանը կանգնած է ֆինանսական աննախադեպ ճգնաժամի առջև, քանի որ վերջին երկու ամիսների ընթացքում կրիպտոարժույթների համաշխարհային գները նվազել են՝ հավելելով, թե համաշխարհային տնտեսական վերլուծաբանների կանխատեսումներով այն շարունակելու է անկում ապրել: Ասում են նաև, թե Ծառուկյանը մի քանի ժողովներ է արել աշխատակիցների հետ և մեղադրել նրանց, որ իրեն ներքաշել են նման անորոշ բիզնեսի մեջ, և որ ինքն այդ միջոցների հաշվին կարող էր մեդիա ռեսուրսներ գնել և օգտագործել դրանք նախընտրական քարոզարշավի ժամանակ, կատարել ներդրում՝ բիզնես այլ ոլորտներում:
Սա ուղղակի պոպուլիզմ է և քաղաքական պատվեր, քանի որ այս սեզոնին նման կարգի ստահոդ տեղեկատվությունը այլ կերպ բնորոշել հնարավոր չէ: Որքանո՞վ է տրամաբանված այս անհեթեթությունը, եթե ցանկացած գործ սկսելուց առաջ դաշտում հիմնովին ուսումնասիրություններ են կատարվում մասնագետների կողմից և գնահատվում ռիսկերը, եթե ներդրվում են բավականին լուրջ գումարներ: Իսկ հիմա` նման տիպի պրիմիտիվությամբ փորձել շահարկումներ անել` չափազանց էժան քայլ է:
Նշենք, որ առաջիկա 2 տարում նախատեսում են ավելի քան 2 միլիարդ դոլարի ներդրում կատարել: Նախագծի համաձայն՝ ապրիլից սկսվել է կրիպտոարժույթի համատեղ արտադրությունը: Բացի այդ, բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա կստեղծվեն նոր ծրագրեր՝ Հայաստանը դարձնելով ֆինանսական տեխնոլոգիաների հարթակ:
Հ.Գ.
Mamul.am-ի հակածառուկյանական դեմարշի տրամաբանական շարունակությունն է վկայում այն, որ ներկայացրել են սոցցանցերում պտտվող Ծառուկյանի ելույթներից մեկը և այն համեմատել «Սուտասանը» հեքիաթի հետ: Նախընտրական այս շրջանում նման որակի էժանությունը խոսում է այն մասին, որ որոշ քաղաքական մարգինալներ, ովքեր հայտնվել են խորհրդարան չանցնելու վտանգի առաջ, ամեն ինչ անում են, որպեսզի բարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչների և ուժերի վարկանիշն ամեն կերպ ընկնի, և նման անողնաշար ստորությունների են դիմում համացանցային տիրույթներում: Սակայն, ակնհայտ է մի բան՝ նմաններին նախ «շան տեղ դնող չկա», և երկրորդ՝ հանրությունը մարդկանց արած գործով ու ծրագրով է գնահատում, իսկ մնացածի պատասխանը` կտա ժամանակը: