Փաշինյանը Սիսիանում Սահյան արտասանեց
Մենք այս տարի իրականացրինք վաղուց մեր համար երազանք դարձած մի գաղափար․ մեր երեխաները տարեկան մեկ անգամ կհաճախեն որեւէ մշակութային հաստատություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Սիսիանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ 2019 թվականի բյուջեով հատկացվելու է 400 միլիոն դրամ եւ ՀՀ յուրաքանչյուր դպրոցական տարեկան մեկ անգամ անվճար կգնա թատրոն, թանգարան եւ դասական համերգի։
«Մեր երեխեքը պետք է մշակույթի հետ շատ անչվեն, քանի որ մշակույթը շատ կարեւոր է»,– ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կարեւոր է նաեւ մարզերում զարգացնել մշակույթը, բացել մշակութային նոր հաստատություններ։
Քանի որ Սիսիանը Համո Սահյանի ծննդավայրն է, Փաշինյանը ելույթի վերջում արտասանեց «Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ» բանաստեղծությունը։
«Եւ վերջում, ժողովուրդ ջան, դուք գիտեք, որ էս քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ բանաստեղծություն եմ արտասանել` նվիրված հայրենիքին։ Քանի որ գտնվում ենք Սիսիանում՝ Համո Սահյանի ծննդավայրում, ուզում եմ արտասանել նրա ամենահայտնի բանաստեղծություններից մեկը․ «Հայաստանը» մի անգամ արտասանել եմ, «Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ» կարտասանեմ»,- ասաց Փաշինյանը։
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Այսօր քարոզարշավի 7-րդ օրն է։