Իրենք ով են, որ որոշեն. Մարուքյանը՝ խորհրդարանի 2 տարվա կյանք կանխատեսողների մասին
Այն ուժերը, որոնք տեսնում են, որ կարող են հայտնվել Խորհրդարանական ընտրությունների լուսանցքում, սկսել են հայտարարել, որ այս խորհրարանը տարիուկես, երկու տարի ժամկետ ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ քարոզարշավի ժամանակ:
«Բայց իրենք ով են, որ որոշեն՝ խորհրդարանը ինչքան ժամկետ ունի: Դուք ով եք, որ ասեք՝ խորհրդարանը մի տարվա կամ տարիուկեսվա կամ երկու տարվա կյանք ունենա: Ժողովուրդն է ձեւավորելու խորհրդարանը, գոյություն ունի Սահմանադրություն»,-ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ Հայաստանը մտադիր են դարձնել ժողովրդավարական երկիր եւ ինչ-որ մեկը Սահմանադրության հետ կապ չունեցող բան չպետք է ասի:
Մարուքյանը մտահոգ է, որ նոր խորհրդարանի ժամկետը կրճատելու մասին խոսակցությունները կարող են ազդել մարդկանց տրամադրությունների վրա. «Որ անիմաստ է, ժամանակվոր է, կարող են չմասնակցել ընտրություններին: Չկա նման բան, պատմական ընտրություներ են՝ 5 տարով»:
Նա վստահ է, որ նման հայտարարություն անողները զգում են, որ չեն ընտրվելու, իսկ իրենք վախերը կոտրելով, կարծրատիպերը ջարդելով գնում են առաջ:
Հիշեցնենք, որ Սասնա ծռեր կուսակցությունն էր հայտարարել նոր խորհրդարանի՝ հնարավոր 2 տարվա կյանքի մասին: