Պատվիրած հոդվածի և լրատվամիջոցի հետքերով...
Լենա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
News.am լրատվականում հոդված է հրապարակվել այն մասին, որ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը իր վնասվածքները բուժում է սեփական միջոցներով, իսկ վերջում էլ ամբողջ պատասխանատվությունը փորձ է արվում բարդել ՀԱՕԿ-ի վրա:
Ավելորդ է անգամ խոսել այն մասին, որ պրոֆեսիոնալ լրատվամիջոցն ու լրագրողը, առնվազն պարտավոր էին՝ հոդվածում ներկայացնել նաև ՀԱՕԿ դիրքորոշումը: Բայց, քանի որ հոդվածի բովանդակությունից էլ պարզ է, որ վերջիններիս նպատակը միայն սուտ և կեղտոտ ապատեղեկատվություն տարածելն է, ապա ավելի քան հասկանալի է, որ արժանապատվությունն ու պրոֆեսիոնալիզմը նմանօրինակների համար զրոյանում է կլորիկ գումարի դիմաց:
Այժմ դեպքերն ըստ հերթականության. Նախ՝ Արթուր Ալեքսանյանը հենց ինքն է ցանկացել բուժում ստանալ ԱՄՆ-ում:
Երկրորդ, Արթուր Ալեքսանյանն այն մարզիկն է, ով յուրաքանչյուր ամիս ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներից ստանում է 6 հազար դոլարին համարժեք աշխատավարձ, և միանգամայն ենթադրելի է, որ Արթուրը կարող է իրեն թույլ տալ բուժում ստանալ այն երկրում, որտեղ ինքը կնախընտրի: Էլ չեմ ասում այն մասին, որ Արթուրն այն մարզիկն է, ով Գագիկ Ծառուկյանի կողմից ստացել է մեկ միլիոն դոլար արժողությամբ բնակարան:
Երրորդ, այս տարիների ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ ՀԱՕԿ-ը հոգացել է մարզիկների բուժզննման և առհասարակ բուժօգնության ծախսերը, որոնք կատարվել են արտերկրում, զորօրինակ Տիգրան Մարտիրոսյանը:
Հասկանալի է, որ նմանատիպ էժան հոդվածներով փորձ է արվում ստվերել հայկական սպորտն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործունեությունը, բայց պետք է շտապեմ հիասթափեցնել, քանի որ տարիներ շարունակ ՀԱՕԿ-ի գործունեությունը, Գագիկ Ծառուկյանի կողմից ներդրված միլիոնավոր դոլարների ներդրումները, հայկական սպորտի վերելքն ու բարձունքները, Օլիմպիական, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճքծ արդյունքները այնքան էլ հեշտ չի ստվերել, եթե չասենք առհասարակ հնարավոր չէ:
Այնպես որ, հոդվածը պատվիրողները ավելի լավ է փորձեն մտքբերել և հաշվել անհաշվելին, և պարզ կդառնա, որ պատվիրված նյութերի դիմաց ծախսված կլորիկ գումարները հերթական անգամ հօդս ցնդեցին…