Բացառվում է, որ ես որեւէ ցուցակով մասնակցեմ ԱԺ ընտրություններին. Կոստանյանն ուզում է փաստաբան լինել
Բացառվում է, որ ես որեւէ ցուցակով մասնակցեմ ԱԺ ընտրություններին, որովհետեւ ես ինձ խորհրդարանական գործունեության մեջ սկզբունքորեն չեմ տեսնում երբեւէ որեւէ ֆորմատով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց այդ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:
Հարցին, թե կարո՞ղ է համագործակցություն լինել այն գերատեսչություններում, որտեղ ինքն իրեն տեսնում է. Կոստանյանը պատասխանեց. «Ես չեմ մտածել այդ ուղղությամբ: Ես ասել եմ, որ պատրաստ եմ իմ համեստ ներդրումն ունենալ երկրի բարօրության ուղղված, բացառապես մասնագիտական ֆորմատում, քաղաքական ֆորմատում որեւէ մեկի հետ համագործակցություն չեմ ունենա»:
Հարցին, թե տեսաք որ պատգամավորական գործունեությունը ձերը չէ՞, նա արձագանքեց. «Ես փորձել եմ խորհրդարանական գործունեության ընթացքում զերծ մնալ քաղաքական գործունեությունից: Օրենքներին վերաբերել ոչ թե քաղաքական նպատակահարմարության տեսակետից, այլ մասնագիտական: Ոչ թե իմը չէ, այլ զուտ բնավորության հարց է»:
Կոստանյանը հայտարարեց, որ իրեն տեսնում է որպես փաստաբան. «Ես ինձ որպես փաստաբան էլ եմ տեսնում: Ես 14 տարի պետության փաստաբանն եմ եղել Եվրոպական դատարանում: Փաստաբանական գործունեությամբ կարող եմ զբաղվել շատ մեծ հաճույքով, դա ինձ հոգեհարազատ է»: