Գագիկ Ծառուկյանը ներդրումային քաղաքականություն է ձևավորում՝ ՏՏ, արևային էներգիա և տեքստիլ
Աբել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում մի քանի Կառավարություն է փոխվել, սակայն անփոփոխ է մնացել նրանց բոլորի կողմից որդեգրած մեկ գիծ՝ Հայաստանի ապագան տեղեկատվական տեխնոլոգիաներն են: Աշխարհի հետ այսօր համընթաց քայլելու համար՝ սեփական ՏՏ ոլորտի ուղեղներ ունենալ է պետք: Հայաստանը նույնիսկ արտադրեց սեփական համակարգչային սարքեր: «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոնի մոդելը արդեն կիրառում են Եվրոպական երկրներում: Հայաստանը դարձել է տեղեկատվական տեխնոլոգիա արտահանող երկիր՝ աշխարհագրական ընտրության առումով սահմանափակ կարողությունների տիրապետող Հայաստանի համար սա իրապես ապագայի կոնցեպտ է:
Եվ ահա այս իրողությունների ֆոնին, երբ ՏՏ ոլորտը զարգացման նոր հեռանկարներ է ուրվագծում Հայաստանում, Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի անմիջական ներգործությամբ շվեդական "Օմնիա Թեք" ընկերությունը որոշեց վաճառել Ավստրիայում և Շվեդիայում գործող իրենց մայնինգ ֆերմաները և ամբողջությամբ բիզնեսը տեղափոխել Հայաստան: Արդեն երեկ տեղի ունեցավ "Օմնիա Թեք" ընկերության և Մուլտի Գրուպ Կոնցեռնի գործակցությամբ Հայաստանում կառուցված աշխարհում ամենախոշոր Մայնինգ Ֆերմայի բացման հանդիսավոր արարողությունը: Ընկերությունը կրիպտոարժույթի համատեղ արտադրություն է իրականացնելու: Առաջին փուլով միայն ՀՀ տնտեսության մեջ կատարվել է 50 մլն. դրամի ներդրում: Կողմերն առաջիկա 2 տարում նախատեսում են ավելի քան 2 միլիարդ դոլար ներդրում կատարել՝ բացելով 1000-ից ավել աշխատատեղ: Միջոցառման կարևորությունը Հայաստանի համար այնքան մեծ էր, որ բացման արարողությանը անձամբ ժամանել էր ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Վերջին տարիներին աշխարհում կրիպտոարժույթի բում է նկատվում, իսկ փոքր Վրաստանը որոշ պարամետրերով նույնիսկ առաջնորդների ցանկում է՝ Չինաստանից հետո: Միայն այս փաստը բավական է՝ Հայաստանում կառուցաված խոշորագույն Մայնինգ Ֆերմայի մասշտաբները ընկալելու համար: Կրիպտոարժույթը հնարավորություն է տալիս մարդկանց ստանալ իրենց վաստակած գումարն առանց որևէ միջնորդի, քանի որ կրիպտոարժույթը սահմաններ չի ճանաչում: Կրիպտոարժույթը միայն մեծ ընկերությունների համար չէ, այլ նաև սովորական մարդկանց, փոքր բիզնեսի համար է: Սա թույլ է տալիս Հայաստանը դարձնել ֆինանսական տեխնոլոգիաների հարթակ:
Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ այս տարվա ընթացքում նախատեսվում է ևս երկու գործարան բացել` արևային պանելների և սրբիչների։ Իսկ հաջորդ տարվա համար նախատեսված է «Տեքստիլի քաղաք» նախագծի իրականացումը, որի ներդրումը շուրջ 1 մլրդ դոլար է հաշվարկված։
Կարող ենք փաստել, որ վերջապես Հայաստանում փոխվել է ներդրումային ոլորտների առաջնահերթությունը՝ ՏՏ, արևային էներգիա և տեքստիլ: Արևային էներգիան տարվա մեջ 300 արևային օր ունեցող մեր երկրի համար ոչ պակաս կարևոր ռազմավարական ներդրում է, քան ՏՏ-ն, իսկ փառահեղ տեքստիլագործության պատմություն ունեցող մեր երկրում տեքտիլային արտադրանքին զարկ տալը մի քանի հազար աշխատատեղ է խոստանում ապագայում: