Շառլը երբեք իր մասին չէր խոսում. Վահրամ Բաղդասարյանը` Ազնավուրի հետ հանդիպումների մասին
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրը երբեք իր մասին չէր խոսում, միշտ խոսում էր ուրիշների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մեր հանդիպումների ժամանակ ես միշտ զարմանում էի նրա գերհամեստությամբ: Որևէ մեկ անգամ իր մասին չէր խոսում, խոսում էր ուրիշների արածների մասին: Բնականաբար, մենք կողքից լրացնում էինք իր արածները: Պարզապես անդառնալի կորուստ էր, խոնարհվում եմ վարպետի մեծության առջև»,- ասաց Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով` Ազնավուրն իր հուշերում չի փոխվել:
«Մտերիմ էինք բավականին: Մեր առաջին հանդիպումից հետո իր առաջարկությամբ մեր հարաբերությունները շարունակվեցին: Վերջին հանդիպումը երկու կամ երեք տարի առաջ էր: Նույն Շառլն է իմ հուշերում ինչպես 10 տարի առաջ, այնպես էլ 5 տարի առաջ: Այս երկու տարվա ընթացքում չենք հանդիպել, բայց համոզված եմ, որ նույն Շառլն էր մնացել ու չէր փոխվել»,- նշեց նա:
Վահրամ Բաղդասարյանը գրառում կատարեց «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին` Երևանի «Ազնավուր» կենտրոնում բացված սգո մատյանում: