Ֆեյսբուքը կենդանացրեց ամեն մի ճղճիմ արարածի
Պետրոս Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սոցցանցերը մի վատ հատկություն ունեն, դրանք կյանք են տալիս տարբեր տեսակի չկայացած դեմքերի, որոնք օգտվելով սոցցանցերի հնարավորությունից, սեփական՝ ոչ մեկին չհետաքրքրող կարծիքն են տարածում ու տիրաժավորում: Ընդ որում տարբեր տեսակի ճղճիմ դեմքեր, որոնք նույնիսկ 5 հոգի մարդ չեն կարող համախմբել իրենց շուրջ, գնահատական են տալիս այնպիսի գործիչների, ովքեր հարյուր հազարավոր համակիրներ ունեն:
Գրառումները քիչ էին, հիմա էլ դրանց ավելացել է ուղիղ հեռարձակումը կամ այսպես ասած՝ «լայվ» մտնելը, երբ ամեն մի չստացված դեմք տեսաուղերձ է անում ու սկսում իբր վերլուծություններ անել օրվա քաղաքական անցուդարձի մասին: Այնինչ եթե հարցնես, թե ով գիտի նրա մասին, կպարզվի որ նրա ընտանիքի անդամներից բացի ուրիշ ոչ մեկ չի ճանաչում նրան:
Իրականում սրանք այնպիսի դեմքեր են, ովքեր ակտիվացել են վերջին ժամանակներս ու իրենց «լայվ»-երով ուզում են արջի ծառայություն մատուցել ներկայիս իշխանություններին՝ հուսով, որ իրենց էլ մի պաշտոն կամ մի բան կտան: Ցավալի է, բայց այսօր իշխանությունները պաշտոն են տալիս, նախընտրական ցուցակներում են ընդգրկում հենց սոցցանցերում ակտիվ դեմքերի, ու սա է պատճառը, որ որոշ ճղճիմներ ակտիվանում են՝ հույսով, որ մի պատառ էլ իրենք կպոկեն: Իրականում այս «հետև մտնող» տեսակը միշտ կա ու կլինի, ցավալին այն է, որ նրանք օգտվելով համսցանցից՝ կարողանում են իրենց ասածը տիրաժավորեն: