Փաշինյանը գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ է նշանակվել Վաչագան ներսիսյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վաչագան Ներսիսյանին նշանակել գլխավոր ռազմական տեսչի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնը թափուր էր մնացել, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվեց այդ պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Նա ընդամենը մեկ ամիս աշխատեց այդ պաշտոնում:
Իսկ ազատման պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին շտապ իր մոտ էր կանչել Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ տալու համար՝ կապված նրա հետ, որ Արզումանյանը Արցախում քաղաքական գործընթացների մեջ է ներգրավված եղել:
Նշենք, որ դրանից օրեր առաջ «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով:
Հայտարարության մեջ նշվում է, որ իրենց աջակցում է նաեւ գեներալ Միքայել Արզումանյանը։ Նախաձեռնող խումբը նաեւ գեներալի հետ արված լուսանկար է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում: