Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արթուր Վանեցյանը:
Նա տեղեկացրեց, որ իր թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները: Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՖՖ նախագահի պաշտոնների համատեղումը կկարողանա արդյունավետ իրականացնել. «Ժամանակը ցույց կտա, որ չի խանգարի: Ոչ անվտանգությունը կտուժի, ոչ էլ ֆեդերացիայի աշխատանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վանեցյանը:
Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ոլորտն ուսումնասիրել է, ունի ծրագրեր, որոնք պատրաստվում է իրականացնել, իսկ այդ ծրագրերը կներկայացնի ՀՖՖ նախագահի ընտրության օրը:
Նա շեշտեց, որ առաջնահերթություն է համարում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, ինչի համար հիմքեր և ռեսուրսներ տեսնում է. «Ֆուտբոլի ֆեդերացիան բավականին ինքնաբավ կազմակերպություն է: Այն, ինչ ունենք, արդյունավետ օգտագործելու դեպքում կարող ենք լուրջ արդյունքներ արձանագրել»,- ընդգծեց Վանեցյանը:
Նա հայտնեց նաև, որ արդեն հանդիպում ունեցել է Հայաստանի առաջնության մասնակից ակումբների ղեկավարների հետ: