Բռնցքամարտի ֆեդերացիայի բազմաթիվ անդամներ դժգոհ են Ֆեդերացիայի նախագահի ընտրությունից
Միսակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրերս բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները դիմել էին Գագիկ Ծառուկյանին, նրա հետ հանդիպման խնդրանքով: Հանդիպումը կայացավ, որի ընթացքում բռնցքամարտի ֆեդերացիայի մի շարք անդամներ իրենց դժգոհությունը հայտնեցին օգոստոսի 4-ին ֆեդերացիայի նախագահի ընտրությունից: Բանն այն է, որ նրանց խոսքով ֆեդերացիայի անդամներից շատերը` բռնցքամարտի մեջ մեծ ավանդ ունեցող շատ մարզիկներ ու մարզիչներ անգամ չեն մասնակցել ֆեդերացիայի նախագահի ընտրությանը, իսկ ընտրությունը անցկացվել է բազմաթիվ խախտումներով:
Հանդիպման ընթացքում մի շարք դժգոհություններ ևս հնչեցին, հատկապես երտասարդ խոստումնալից մարզիկների կողմից, կապված ֆեդերացիայի աշխատանքի հետ:
Գագիկ Ծառուկյանը մեկ շաբաթ ժամանակ խնդրեց բռնցքամարտի ֆեդերացիայի անդամներից խնդիրը մանրամասնորեն ուսումնասիրելու համար, որպեսզի դրան ճիշտ լուծում տրվի, քանզի ֆեդերացիայի կորիզը համամիտ չէ ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ: ՀԱՕԿ նախագահը, հաշվի առնելով այն, որ ֆեդերացիայի բազմաթիվ անդամներ, մարզիչներ և այլ անձինք համաձայն չեն և չեն ընդունում Ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները, խոստացավ, որ կձևավորի նոր ֆեդերացիա, որտեղ կանցկացվեն արդար ու օրինական ընտրություններ, որին կմասնակցեն բոլորը: Ի վերջո, օրինական է միայն այն ֆեդերացիան, որը ճանաչվում է ՀԱՕԿ-ի կողմից:
Սպասենք թե ինչպիսի հանգուցալուծում կստանա այս հարցը, քանզի ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ բռնցքամարտի ֆեդերացիայում իսկապես կան մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Եվ հենց դրանց ճիշտ լուծումից է կախված բռնցքամարտի ֆեդերացիայի հետագա արդյունավետ գործունեությունը: Այսօրվա հանդիպումը և Գագիկ Ծառուկյանի պատրաստակամությունը խոստանում են արագ լուծում տալ բռնցքամարտի ոլորտում առկա բոլոր խնդիրներին: