Կոտայքի մարզպետը անհաջող ներկայացմամբ ժխտում է իրողությունը
Տիգրան Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջերս մի շարք լրատվամիջոցներ անդրադարձան Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ ինչպես ինքն է բնորոշում «բարիդրացիական» հարաբերություններին մարզի համայնքապետերի հետ։ Ըստ այդ լուրերի՝ մարզպետը ահաբեկում է համայնքի ղեկավարներին, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց զբաղեցրած պաշտոններից։ Շրջանառվող լուրերն արագ տարածվեցին համացանցում և մի շարք կոտայքցի օգտատերեր իրենց ֆեյսբուքյան էջերում հաստատեցին այս տեղեկությունը։
Մարզպետը, ով նաև աղանդավորական է, հերքեց իր հասցեին հնչեցվող լուրերի իսկությունը, նշելով, որ համայնքապետերի հետ պարբերաբար բարիդրացիական զրույցներ է ունենում և աղանդավորական շարժման ներկայացուցիչ չէ։ Մարզպետը «սրտաճմլիկ» զրույց տալով ՝ մոռանում է, որ Կոտայքում ապրող քաղաքացին ամեն ինչի մասին տեղյակ է, հետևաբար այս էժանագին քայլը այլ բան չէ, քան թատերական ներկայացում ։
Հարկ է նաև նշել, որ Ռոմանոս Պետրոսյանը որոշ ժամանակ առաջ բնակվել է Աբովյան քաղաքում, ուր բոլորը գիտեն իր և իր ընտանիքի՝ աղանդավորական կազմակերպության անդամ լինելու փաստի մասին , ուստի ցանկացած մարդ կարող է ճշտել այդ ինֆորմացիայի իսկությունը հասարակ հարց ու փորձի միջոցով։
Այսպիսով, բացարձակ անընդունելի է Ռոմանոս Պետրոսյանի վարքագիծը հատկապես նոր Հայաստանում։ Իրեն մարզի սեփականատեր համարող մարզպետի վարքին ու գործողություններին հետևող Կոտայքի բնակչության մոտ օր օրի հասունացող բողոքի արդարացի ալիքը մի օր անպայման գլուխ է բարձրացնելու, հետևաբար անօգուտ է խաղալ էժանագին ներկայացում, երբ փաստերն այլ բան են ասում։ Առավել ծիծաղելի է արդեն հայտնի փաստերը հարցազրույցով հերքելու փորձերը: