Մայրաքաղաքում օգոստոս–սեպտեմբերին թեժ է լինելու
Երեկ Երևանի ավագանին որոշեց քաղաքապետի ընտրության օր նշանակել հուլիսի 16–ը: Սակայն հաշվի առնելով, որ մի քանի ՀՀԿ–ականներ արդեն իսկ հայտարարել են, որ ամենայն հավանականությամբ իրենց կուսակցությունը թեկնածու չի առաջադրի, պետք է ենթադրել, որ այդ օրը հնարավոր չի լինի քաղաքապետ ընտրել: Իսկ դա նշանակում է, որ կանցկացվի Երևանի ավագանու արտահերթ ընտրություն: Առավել ևս, որ առաջադրվելու մասին առայժմ հայտարարել է միայն Զարուհի Փոստանջյանը, ում օգտին առավելագույնը կքվեարկի ավագանու երեք անդամ, նեառյալ ինքը: Հազիվ թե իր խմբակցության անդամներից զատ որևէ այլ մեկը, թեկուզ «ձեռքերը կտրեն», նման քայլի գնա: Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, ապա նրանց առաջարկը՝ ընտրության օր նշանակել ավելի ուշ՝ օգոստոսի 8–ին, ինքնին վկայում է, որ նրանք էլ են հակված ավագանու արտահերթ ընտրություն անցկացնելուն: Իսկ ժամկետը ուզում էին ձգձգել, որպեսզի նախընտրական քարոզարշավը «մեռյալ» օգոստոսին չլինի, այլ սեպտեմբերին: Սակայն, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, մայրաքաղաքում օգոստոս–սեպտեմբերին թեժ է լինելու: