Մանվել Սարգսյանի վրա երևի ազդել են անսովոր շոգերը
Շավարշ Բզնունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը երեկ իր հարցազրույցում կրկին անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին: Այս վերլուծաբանը մշտապես աչքի է ընկել Ծառուկյանի հասեցին ասված անհիմն դատողություններով, բայց այս անգամ անցել է բանականության բոլոր սահմանները և Գագիկ Ծառուկյանին համեմատել է Մանվել Գրիգորյանի հետ: Այս համեմատությունը ուղղակի աբսուրդի ժանրից է, որը բացատրելու համար թերևս պետք է հղում անել վերջին օրերի անսովոր շոգ եղանակին: Երևի ուժգին արևային հարվածն է մթագնել Մանվել Սարգսյանի ուղեղը, ինչի հիման վրա էլ նա նման հերյուրանք է ասել:
Մանվել Սարգսյանին հակադարձելն անգամ անիմաստ է, քանի որ հակադարձում են իրենց մեջ իմաստ պարունակող մտքերին ու դատողություններին: Նշենք պարզապես, որ բավական է սովորական քաղաքացիներին ասել նման համեմատության մասին, և նրանք բազմաթիվ «ջերմ խոսքեր» կուղղեն նման համեմատության հեղինակին:
Իսկ այժմ պարզապես հիշեցնենք, որ համաժողովրդական շարժմանը Գագիկ Ծառուկյանի միացումով հնարավոր եղավ այդ շարժման անվերապահ հաղթանակը և ժողովրդի թեկնածուի՝ ՀՀ վարչապետ ընտրվելը: Սա փաստ է, որը անհնար է չնկատել, և որը ընդունել են թե՛ շարժման առաջնորդները, թե՛ նախկին իշխանությունները, թե՛ հանրությունը:
Գագիկ Ծառուկյանը Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է, որը վերջին ընտրություններին ստացել է մոտ կես միլիոն մարդկանց վստահության քվեն, բարձրաձյանում է այդ մարդկանց կամքը ու խնդիրները ԱԺ-ում, ինքը՝ Ծառուկյանը տարիներ շարունակ լուծում է բազմահազար կարիքավոր մարդկանց խնդիրները, բացում աշխատատեղեր, հովանավորում և զարգացնում է հայրենական սպորտը: Ոլորտները, որոնցում այսօր զբաղված է Ծառուկյանը բազմաթիվ են, իսկ նրա վարկանիշի և հեղինակության մասին կարծիք կազմելու համար բավական է փողոցում հարցում անցկացնել և Մանվել Սարգսյանի ասածի անմտությունը կերևա անմիջապես:
Իսկ հիմա փորձեք հիշել, թե ով է Մանվել Գրիգորյանը կամ հարցրեք նույն մարդկանց: Կարծում ենք պատասխանները շատ սպառիչ կլինեն:
Մանվել Սարգսյանը պարզապես պետք է ևս մեկ անգամ վերհիշի համաժողովրդական շարժման մանրամասները, ևս մեկ անգամ ուսումնասիրի ՀՀ քաղաքական դաշտը, ևս մեկ անգամ հիշի նախկին իշխանությունների վարքն ու բարքը և այդ ամենի ֆոնին վերաիմաստավորի իր մտքերը, այլապես նա ոչ թե վերլուծաբան է, այլ դատարկախոս, ում ասածները իրականության հետ չունեն ոչ մի աղերս: