Կարապետ Ռուբինյան. «Պայքարն իր վրա է վերցրել այն սերունդը, որն այլանդակված չէ խորհրդային կլիշեներով». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, քաղաքագետ Կարապետ Ռուբինյանի կարծիքով այս ընթացքում մենք փառահեղ օրեր ենք ապրել, որն, ի վերջո, հանգեցրեց ժողովրդական թավշյա հեղափոխության:
«Ես գույներից երբեք չեմ վախեցել, բայց իսկապես այս հեղափոխությունը համաժողովրդական էր, առանց ինչ–որ գաղափարական տարբերությունների: Ուղղակի ժողովուրդը ոտքի կանգնեց և գործող ռեժիմը չդիմացավ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Կ. Ռուբինյանը:
Հասարակական–քաղաքական գործչի կարծիքով այս ընթացքում սերունդ է փոխվել, իսկ մինչ այս կորցրել ենք նորմալ, բոլորի համար ընդունելի պետություն ունենալու հնարավորությունը:
«Պետություն, որտեղ մարդիկ պետք է արդարության մեջ ապրեն: Մենք դա ժամանակին կորցրել ենք, բայց հիմա պետք է վերականգնենք: Նոր սերունդը ծանրաբեռնված չէ սովետական մտածելակերպով: Ըստ էության, 1988 թ.–ին բոլորս, և նրանք, ովքեր ելել էին պայքարի հանուն Արցախի ազատագրման և մեր պետության անկախացման, հոմոսովետիկուսներ էինք: Հիմա արդեն անկախության սերունդն է պայքարն իր վրա վերցրել, սերունդ, որ ծանրաբեռնված չէ խորհրդային ժամանակների կլիշեներով և այլանդակված չէ խորհրդային կյանքով: Եվ դա հույս է ներշնչում, որ իսկապես 21–րդ դարին համարժեք պետություն կկարողանանք կառուցել»,– ասաց Կ. Ռուբինյանը:
Նա համոզված է, որ այս ընթացքում այնպիսի դրական լիցք է կուտակվել, որը չի կարող չծառայել երկրի առաջընթացի համար, այդ թվում՝ ներդրումների ոլորտն առողջացնելու և տնտեսական առաջընթաց արձանագրելու, ինչպես նաև ներգաղթին տեմպ հաղորդելու համար:
«Բոլոր ուղղություններում էլ մարդկանց մոտ դրական սպասումներ են, և կարծում եմ, որ այդ սպասումների ֆոնին պետք է առաջընթաց գրանցվի: Այսօր բոլորս մեծ հույսով և հավատով սպասում ենք ձեռքբերումների դե յուրե ամրագրմանը, և առանց ժամանակ կորցնելու, հենց այսօրվանից էլ, բոլորս պետք է լծվենք երկրի նորացմանն ու երկրի զարգացմանը»,– ասաց Կ. Ռուբինյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում